«Զինանոց-2019»-ի շրջանակում ոստիկանները բերման են ենթարկել ՌԴ և Բելառուսի իրապահների կողմից հետախուզվող անձանց

Armenpress 21:56, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ծառայողները «Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակում բերման են ենթարկել Ռուսաստանի և Բելառուսի իրապահների կողմից հետախուզվող անձանց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

««Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 14-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Կրասնոդար չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 32-ամյա Վլադիմիր Բ.-ն, որը ապրիլի 4-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնոմու շրջանի ՆԳՆ կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նույն միջոցառման շրջանակներում ապրիլի 13-ին, ժամը 11.25-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 46-ամյա Դավիթ Դ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 12-ից հետախուզվում է Մինսկ քաղաքի ներքին գործերի վարչության կողմից՝ 209 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի մեղադրանքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am