Առողջապահության նախարարությանը ենթակա 15 կառույցների տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ

Armenpress 20:51, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է արևային վահանակների արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. «Հանդիպման նպատակն է` ապագայում նախարարության թվով 15 ենթակա կառույցների տանիքներին տեղադրել արևային վահանակներ, որոնցից երկուսում`«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային» և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոններում արդեն իսկ տեղադրվել է համակարգը։

«Առանց այդ էլ սուղ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը երբեմն տարբեր պատճառներով ծախսվում է ոչ բժշկական ծառայությունների վրա, դրանցից է՝ էլեկտրաէներգիան, ջրի տաքացումը  և այլն։ Որոշել ենք առնվազն ուսումնասիրությունների մակարդակում հասկանալ, որքանով կարող ենք մտնել դրա մեջ։ Սկսած մեծ բժշկական հաստատություններից՝ վերջացրած փոքր հաստատություններով»,- ասել է Արսեն Թորոսյանը։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական» կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը ներկայացնելով արդյունքները, նշել է, որ 2018 թվականի հուլիսից տեղադրվել են պանելները և կես տարվա կտրվածքով խնայվել է մոտ 2,280 դրամ: Այդ ժամահատվածի ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարվել է 450000 դրամ:

Հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները` հաշվի առնելով և արդյունավետությունը և հնարավոր ռիսկերը: Նախարարը լսել է ներկայացուցիչների առաջարկները` հույս հայտնելով, որ այս գաղափարը մոտ ապագայում իրականություն կդառնա»: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am