Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի քավր տարբերակը

Armenpress 18:27, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը ներկայացրել է եվրատեսիլյան «Walking out» երգի քավր տարբերակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քավրը ստեղծվել է հայտնի երաժիշտ ու ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ համագործակցության արդյունքում:  Այն ջազային ոճում է:

«Շատ ուրախ եմ, որ երգս նորովի եմ ներկայացրել հանդիսատեսին, հուսով եմ՝ այն բոլորին դուր կգա և շատ երջանիկ եմ, որ համագործակցել ենք Վահագն Հայրապետյանի հետ», - նշել է Սրբուկը:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն: Հայաստանը հեղինակավոր մրցույթում ներկայացրել են Հայկոն, Ինգա և Անուշ Արշակյանները, Եվա Ռիվասը, Սիրուշոն, Էմմին, Արամ Mp3-ն, «Դորիանս» ռոք խումբը,  «Genealogy» նախագիծը, Իվետա Մուկուչյանը, Արծվիկը, Սևակ Խանաղյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am