ԲԴԽ նախագահն ընդունել է Իտալիայի դատական իշխանության պատվիրակությանը

Armenpress 17:33, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա այցով 2019 թվականի ապրիլի 15-16-ը Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման և զարգացման նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պատվիրակությանը, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը։

Խորհրդի նախագահը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցի համար և հատուկ կարևորել դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը՝ երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ կապերի  զարգացման գործում։ Նրա խոսքով՝ իտալական իրավական դպրոցի հետ ակտիվ շփումները միշտ են եղել, և այսօր ուրախ է, որ կարող են հարաբերություններ հաստատել երկու երկրների Բարձրագույն դատական խորհուրդների մակարդակով ևս, ինչը կարևոր է Խորհրդի գործունեության միջազգային համագործակցության տեսանկյունից։

Գագիկ  Հարությունյանն ընդհանուր գծերով ներկայացրել է նաև Խորհրդի գործունեության հիմնական առքելությունն ու լիազորությունների շրջանակը, համակարգային բարեփոխումների իրականացման համար Խորհրդի կողմից մշակված մոտեցումները։ Խոսեց թվային արդարադատության ներդրման, արխիվների թվայնացման, դատարանների ծախսատարության կրճատման հետ կապված խնդիրների, դրանց լուծման ռազմավարական առաջնահերթություններին մասին։

Դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն իր հերթին շնորհակալություն է հայտնել Խորհրդին՝ ժամանակ գտնելու, պատվիրակությանն ընդունելու, ինչպես նաև դատավորների հետ հանդիպելու հնարավորություն ստեղծելու համար։ Դեսպանի խոսքով՝ այսօր այստեղ է Իտալիայի և Հայաստանի միջև փորձի փոխանակման նպատակով, և այս հանդիպումը կարևոր խթան կլինի երկու երկրների դատաիրավական համակարգը լավագույնս զարգացնելու նպատակով։

Պատվիրակության անդամներից Դոնաթելլա Դոնատին պատվիրակության անունից ևս շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ապա նկատել, որ Խորհրդի գործունեության ներկայացված փորձը հետաքրքիր է և մեծ արժեք ունի։ Այն արդյունավետ կարող է լինել հետագա համագործակցության համար։   

Հանդիպմանը մասնակցել են նաև Խորհրդի անդամներ Հ. Հովհաննիսյանը, Ս. Չիչոյանը, Ա. Խաչատրյանը, Ա. Մխիթարյանը։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am