Որպես ժողովրդավար երկիր՝ Հայաստանն այլևս կաշկանդված չէ բարձրաձայնել միջազգային կառույցներում առկա թերությունների մասին

Armenpress 14:19, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ապրիլի 11-ին ԵԽԽՎ ամբիոնից ներկայացավ որպես ժողովրդավարության բարձր մակարդակ գրանցած և եվրոպական բարձրագույն արժեքները կրող երկիր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո առաջինն էր և թե՛ իր բովանդակությամբ, թե՛ ոճով բավական տարբերվող և հետաքրքիր էր: 

Նախ, բավական կարևոր էր, որ միջազգային այդ բարձր ամբիոնից ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Հայաստանն այլևս շրջել է համակարգային կոռուպցիայի, մենաշնորհի, կեղծ և ոչ ժողովրդավար ընտրությունների էջը: Հատկանշական է, որ ըստ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած զեկույցի՝ այս ոլորտում Հայաստանում գրանցվել է որոշակի բարելավում: Իսկ Economist Intelligence Unit-ի (EIU) հրապարակած «Ժողովրդավարության ինդեքս-2018» զեկույցի համաձայն՝ Հայաստանը  համալրել է 2018-ին ժողովրդավարության առաջխաղացման հարցում զգալի դրական տեղաշարժ արձանագրած պետությունների շարքը: Միջազգային դիտորդներն էլ, որոնց թվում եղել են նաև ԵԽԽՎ ներկայացուցիչներ, ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակել են որպես աննախադեպ ժողովրդավար և ազատ: Նման գնահատականներն, անշուշտ, ևս մեկ ցուցիչ են, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ամրապնդման ուղիով:

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս նաև դատական համակարգի անկախության և դատական համակարգի գործունեության թափանցիկության ապահովմանը: Հատկանշական է, որ օրեր առաջ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2018թ․ վճիռների և որոշումների կատարման դիտարկումները», որի համաձայն՝ Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել 2018թ. կայացված ՄԻԵԴ վճիռների արդարացի բավարարման ոլորտում: Ավելին, 2018թ. Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ում եղել է ընդամենը երկու նոր գործ: Միևնույն ժամանակ դատական համակարգի լիարժեք կայացման համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել հավելյալ քայլեր: Պատահական չէ, որ ԵԽԽՎ ամբիոնից հնչեց այն թեզը, որ Հայաստանն այս առումով Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքն ունի:

Որպես իր ժողովրդավարությամբ աչքի ընկնող ԵԽ անդամ երկրի ղեկավար՝ ՀՀ վարչապետը ԵԽԽՎ ամբիոնից հանդես եկավ նաև կառույցի վերաբերյալ մի շարք դիտարկումներով և առաջարկներով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ միջազգային տարբեր հարթակներ, այդ թվում՝ ԵԽԽՎ-ն երբեմն դառնում են սադրիչ գործողությունների, վիրավորանք պարունակող ելույթների և սադրիչ բնույթ կրող փաստաթղթերի ընդունման հարթակ, որոնց արդյունքում, օրինակ, կարող են տեղի ունենալ այնպիսի զարգացումներ, ինչպիսին էր 2016թ-ի քառօրյա պատերազմը: Ուստի, ինչպես և ՀՀ վարչապետը շեշտեց, կարևոր է, որպեսզի ցանկացած նուրբ թեմայի, ցանկացած հակամարտության անդրադառնալիս հաշվի առնվեն դրանց էությունն ու բովանդակությունը, քանզի միակողմանի հայացքը հակամարտություններին կարող է նոր էսկալացիաների պատճառ դառնալ:

Բավական կարևոր էր նաև ԵԽ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մյուս միջազգային կառույցներին ուղղված կոչը՝ հավատարիմ մնալ իրենց հռչակած սկզբունքներին և առաջնահերթություններին և քայլեր ձեռնարկել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման համար: Անկախ կարգավիճակից՝ Արցախը ԵԽ տարածքում գտնվող երկիր է, և առնվազն անտրամաբանական է, որ նույն ԵԽԽՎ-ն, որը կարևորում է գորշ գոտիների վերացումը, այդ մոտեցումը չի կիրառում նաև Արցախի և այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ:

Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը առավելապես նպատակ էր հետապնդում ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխությունները, որոնց հիմքում ընկած են արժեքները, մարդը և քաղաքացին: Իսկ այսուհետ Հայաստանն իր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը կառուցելու է ժողովրդավարական փոփոխությունների բերած նոր երանգներով, որը հնարավորություն է տալիս Հայաստանին լինել նաև թելադրող:

Գրետա Ավետիսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am