Բաբկեն Տեր Գրիգորյանը դիմավորել է Լոս Անջելեսի հայկական դպրոցի աշակերտներին

Armenpress 10:25, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի առաջին տեղակալ, սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի աշակերտներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի տնօրինությունը 20 տարի առաջ առաջին անգամ որոշել էր դպրոցի աշակերտներին բերել Հայաստան:  Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանն այն ժամանակ առաջիններից է եղել, որ դպրոցի կազմում եկել է հայրենիք, այցից հետո էլ սկսել մտածել հայրենադարձվելու  մասին։  

Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի աշակերտները 12 օրվա ընթացքում կշրջեն Հայաստանում ու կծանոթանան հայկական մշակույթին։

Ողջունելով դպրոցի ուսուցիչներին և սաներին՝ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը  շատ կարևոր է համարել նման այցելությունները, որոնք թույլ են տալիս Հայաստանը բացահայտել տարբեր կողմերից: Ըստ նրա՝ նման նախաձեռնությունները հատկապես էական են փուլային հայրենադարձության համատեքստում, երբ դեռ վաղ հասակից երեխաները սկսում են մտածել հայրենիքի, նրա հնարավորություններին և հեռանկարների մասին: «Վստահ եմ` մի քանի տարի անց հենց այս պայծառ երիտասարդների մի մասը կհայտնվի Հայաստանի կառավարությունում»,-նշել է Բաբկեն Տեր Գրիգորյանը։ 

Նա բարձր է գնահատել նաև 1975  թվականից գործող կրթական հաստատության ներդրումը հայապահպանության, հայեցի դաստիարակության, Հայաստան-սփյուռք կապերն ամրապնդելու գործում:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am