1000х90.jpg (78 KB)

Հայաստանցի և վրացի գրողները զարգացնում են գրական կապերը

Armenpress 19:20, 12 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ և վրացի գրողները Հայաստանի գրողների միությունում կազմակերպված հանդիպման միջոցով ևս մեկ կարևոր քայլ կատարեցին գրական կապերը զարգացնելու գործում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 12-ին վրացի երիտասարդ գրողները հյուրընկալվել էին Հայաստանի գրողների միությունում:

«Վրաստանի հետ գրական առնչությունը մենք վառ ենք պահում: Ամեն տարի մշտական հանդիպումներ ունենք Վրաստանում և Հայաստանում: Սայաթ-Նովայի օրերն ամեն տարի մեծ գրական տոնի են վերածվում Թբիլիսիում: Նաև նոր հրապարակած գրքերի շնորհանդեսներ են տեղի ունենում Երևանում, Թբիլիսիում և այլ քաղաքներում: Մեր երիտասարդ գրողների հունիսյան խորհրդակցությանը ևս մշտապես հրավիրում ենք վրացի երիտասարդ գրողների»,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝բազմաթիվ են նաև այն գրքերը, որոնք փոխադարձաբար հրատարակվում են երկու երկրներում: Միլիտոնյանը վստահեցրեց, որ Վրաստանի գրողների հետ իրենց կապերը սերտ են և բարեկամական: Նրանք ևս հայ գրականության հանրահռչակման գործում իրենց մեծ դերն ունեն:

Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն նշեց, որ ամեն օր զգում են հայ ժողովրդի կողմից սերն իրենց ժողովրդի նկատմամբ: «Հույս ունենք, որ այսօրվա միջոցառումը մեկ կարևորագույն քայլ է մեր հարաբերությունների զարգացման գործում»,-ասաց դեսպանն ու նշեց, որ թեև իրենց երկիրը փոքր է, սակայն գրականության հարցում կարող է մրցակից լինել շատ այլ ազգերի:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am