1000х90.jpg (78 KB)

Հայաստանի մի շարք երաժշտական և արվեստի դպրոցներ համալրվեցին նոր գործիքներով

Armenpress 14:01, 12 Ապրիլ, 2019

 

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  մի շարք երաժշտական և արվեստի դպրոցների տրամադրվեցին անհրաժեշտ փողային, լարային, ժողովրդական և այլ երաժշտական գործիքներ: Նախաձեռնությունն իրականացրեց ՀՀ մշակույթի նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում»  2018 թվականի ծրագրի շրջանակում:

 

Երաժշտական գործիքների հանձնման հանդիսավոր արարողությունն անցկացվեց ապրիլի 12-ին Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում:

 

«Նոր Հայաստանի  մշակութային քաղաքականության  նպատակներից մեկն է  ոչ  միայն պահպանել Հայաստանում ձևավորված  երաժշտական կրթության հիանալի  ավանդույթները, այլև որդեգրել և զարգացնել ժամանակին համընթաց  նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ կատարողական արվեստի դժվարին ուղին ընտրած հայ երաժիշտները շարունակեն ներկայանալ համայն աշխարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Նա շեշտեց, որ երաժշտական կրթության դերը չափազանց կարևոր է պատանի սերնդի կայացման և դաստիարակության  ճանապարհին: «Այն լիարժեք համարվում է  համընդհանուր կրթության և բարեկրթության  անբաժանելի բաղադրիչ: Այդ ասպարեզում մեծ աշխատանք են կատարում հանրապետության երաժշտական ու արվեստի կրթօջախները, որտեղից սկիզբ է առնում և ձևավորվում է ապագա արտիստի կենսագրությունը»,-ասաց Ղարիբյանը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Նրա փաստեց, որ  հանրապետության 55 երաժշտական և արվեստի դպրոցների 81 շնորհալի պատանիներ հնարավորություն կստանան շարունակել իրենց ընտրած ուղին նոր նվագարաններով, իսկ տասը ուսումնական հաստատություններում բացվող մասնագիտական նոր դասարանները կհամալրվեն համապատասխան գործիքներով:

«Հուսով եմ` պատանիներից շատերին տեսնել  մեծ համերգասրահներում և վստահ եմ, որ ՀՀ մշակույթի նախարարության  «Հանրապետության երաժշտական և արվեստի  դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով 2018 թվականի ընթացքում գնված  երաժշտական գործիքները գտել են իրենց ճիշտ հասցեատերերին և կծառայեն մեր մշակութային ապագայի կերտմանը»,-ընդգծեց Նազենի Ղարիբյանը:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն ասաց, որ սա մշակույթի նախարարության իրականացրած հաջողված ծրագրերից մեկն է: «Տարիների ընթացքում գնվել է 503 գործիք և բաշխվել  տարբեր երաժշտական ու արվեստի հաստատությունների: Ձեռք են բերվել ժողովրդական, լարային, փողային գործիքներ: Հաջորդ տարվա համար նախատեսում ենք գնել նաև դաշնամուրներ, որոնց կարիքը երաժշտական հաստատություններում կա: Ծրագիրը բավականին թանկարժեք է, բայց մենք փորձում ենք ձեռք բերել  դպրոցական գործիքներ, որոնք մատչելի են»,-նշեց Սարգսյանը:

Նա  շեշտեց, որ ձեռք են բերվել տեղական, չինական և այլ արտադրության երաժշտական գործիքներ:

Երաժշտական գործիքների հանձնման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ընթացքում հայ և օտարազգի կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործությունները հնչեցրեցին տարբեր երաժշտական հաստատությունների համույթներն ու մենակատարները:

2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է «ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը, որի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժիններ և յուրաքանչյուր տարի շուրջ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում:

2013 թվականին ՀՀ մշակույթի նախարարության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասն ու մաշվածությունը բացասաբար են անդրադառնում ուսումնական գործընթացի վրա: Իրավիճակի բարելավման նպատակով՝ նույն թվականին մեկնարկել է «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագիրը: Վերջինի շրջանակում երաժշտական գործիքներ են տրամադրվում երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող շնորհալի պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա:

 2018 թվականի  ծրագրով ձեռք բերված 17 անուն 93 երաժշտական գործիքներ տրամադրվեցին 55 ուսումնական հաստատության, երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող 81 շնորհալի աշակերտի և 10 ուսումնական հաստատության 12 նոր ձևավորված մասնագիտական դասարանի սաներին (քամանչա, ուդ, մեծ բամբիռ, ջութակ, շվի, հոբոյ, քամանի, ֆլեյտա, զուռնա, շեփոր, քանոն) (ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ա. Այվազյանի անվան երաժշտական, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան մանկական արվեստի, ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս համայնքի արվեստի, ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի արվեստի դպրոցի, ՀՀ Լոռու մարզի Աքորի համայնքի երաժշտական, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Հ. Թալալյանի անվան արվեստի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկական երաժշտական, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի արվեստի, ՀՀ Կոտայքի մարզի Արզական համայնքի արվեստի, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի արվեստի մանկական դպրոցներ):

Ընդհանուր առմամբ՝ 2013-2018 թվականների ծրագրի շրջանակում ձեռք է բերվել 503 երաժշտական գործիք:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am