Մարիա Զախարովան արձագանքել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկներին

Armenpress 18:20, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու և Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու երկու մարդասիրական  առաջարկներին:

«Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունն, ինչպես մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկել այս և այլ հարցերը Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասաց Զախարովան:

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել մարդասիրական երկու առաջարկով.

«Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը:

Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգելի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը»,- նշել է Հարությունյանը:

Ապրիլի 15-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցի նաև ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am