ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորն այն է, որ ինքս չներգրավվեմ դրա մեջ. Նիկոլ Փաշինյան

Armenpress 15:33, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհին ամենակարևոր քայլերից մեկն այն է, որ վարչապետը, իր ընտանիքի անդամներն ու հարազատները ներգրավված չլինեն կոռուպցիայի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 11-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, պատասխանելով ներկաների հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ես մտածում եմ, թե որն է ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարի համար, իմ միակ, և ամենավստահելի պատասխանն այն է, որ ես ինքս կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվեմ: Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա և հավատան դրան, որովհետև ես չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ վարչապետ կամ որևէ կառավարություն, որ կանգնում, ամբիոնից ասում է, որ գիտեք` ես մտադիր եմ կամաց-կամաց ներքաշվել կոռուպցիայի մեջ: Բոլորն էլ ասում են, որ չեն պատրաստվում կոռուպցիայի մեջ ներգրավվել, պատրաստվում են կոռուպցիայի դեմ պայքարել, և  այս առումով շատ կարևոր է դառնում իշխանության և կառավարության խոսքի վստահելիությունը: Այս է պատճառը, որ միշտ ընդգծում եմ` կառավարության և երկրի ղեկավարի կարգավիճակում իմ լինելն իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը: Սա նշանակում է, որ այդ վստահությունն է ամենակարևոր նախապայմանը, որ մենք կկարողանանք պայքարել կոռուպցիայի դեմ, որովհետև կարծում եմ` բոլորս ենք հասկանում, թե կոռուպցիան, որը շատ երկար տարիներ իշխել է Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսի լծակներ, իշխանական միջոցներ ունի: Եվ ինչպես կարող է նա հակադարձել, եթե իր դեմ պայքարը տեղի ունենա մի միջավայրում, որտեղ չկա վստահություն կառավարության և հանրության միջև»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև այն, որ իր մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հենց կոռուպցիոն դրսևորման համար:

«Ես և իմ ընտանիքի անդամները, հարազատներս առաջինը պետք է լինենք առանձնահատուկ ուշադրության ներքո այս առումով, և ես շատ կարևոր եմ համարում, որ թափանցիկությունն այսօր ՀՀ-ում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը շատ մեծ քայլերով գնում է առաջ: Ընդամենը 10 օր առաջ քրեական գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, և չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց այն փաստը, որ իր գործը կքննվի լիարժեք օրինականության և օբյեկտիվության պայմաններում, ևս մեկ ապացույց է, որ մենք վստահորեն գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am