1000х90.jpg (78 KB)

Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր

Armenpress 17:39, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Երևանում Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծն հայի հիշատակին: Վարչապետն իր աջակցությունն է հայտնել անձամբ Շառլ Ազնավուրի կողմից մշակված նախագծի իրականացմանը և հանձնարարել է պատկան գերատեսչությունների պատասխանատուներին՝ սերտ համագործակցել «Ազնավուր» հիմնադրամի հետ այս ուղղությամբ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am