Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-թաիլանդական համագործակցության հեռանկարները

Armenpress 13:54, 10 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի Թվային տնտեսության և հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, կողմերը քննարկել են Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված և հաջողությամբ կիրառվող այնպիսի տեխնոլոգիաներն ու հարթակները, ինչպիսիք են «Թումո» կենտրոնը (Tumo Center for Creative Technologies), «Արմաթ» լաբորատորիաները (Armath Engineering Laboratories), Dasaran.am-ը. հարկային համակարգի թվայնացումը, ինչպես նաև այլ նախագծեր, որոնք կարող են կիրառվել Թաիլանդում։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային հարթակ՝ հետագա քննարկումների և համագործակցության համար։
Հակոբ Արշակյանը Պիչետ Դուրունգավերոյին հրավիրել է մասնակցելու Երևանում աշնանը կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսի նախարարական կլոր սեղանին։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am