Կներդրվեն բոլոր ջանքերը Հայաստանի Մխիթարյան կենտրոնի խնդիրները լուծելու համար. Բաբկեն Տեր Գրիգորյան

Armenpress 12:08, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ապրիլի 9-ին ընդունեց Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանին և փոխտնօրեն  Հայր Գևորգ վարդապետ Սարգիսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն անգնահատելի համարեց Մխիթարյան միաբանության ներդրումն ու գործունեությունը սփյուռքում և Հայաստանում: Էական կարևորություն ունի 1994 թվականից Հայաստանում գործող Մխիթարյան կենտրոնը, ուր գործում է Ժառանգավորաց  դպրոց, կա նաև մատուռ և գրադարան:

Այսօր  Ժառանգավորաց դպրոցը որոշ խնդիրներ ունի: Ըստ Հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանի՝ դպրոցի այն սաներին, որոնք հոգևոր ուսումնառությունը շարունակելու համար ավարտելուց հետո մեկնում են Սուրբ  Ղազար, անհրաժեշտ է զինծառայությունից տարկետման իրավունք տրամադրել, մանավանդ որ նրանց թիվը շատ փոքր է: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ հարցը կքննարկվի, լուծման բոլոր հնարավոր տարբերակներով աշխատանքներ կտարվեն, քանի որ այս հարցի կարգավորումը կնպաստի միության հոգևոր դասի սերնդահաջորդականության ապահովմանը, սփյուռքում ունեցած ժառանգության պահպանմանը:

Ժառանգավորաց վարժարանը բացի ուսումնառությունից իր աշակերտներին ապահովում է նաև գիշերակացով և սննդով, սակայն չունի հատուկ կարգավիճակ, ըստ որի՝ կենտրոնում միաժամանակ կգործեն և՛ եկեղեցին, և՛ դպրոցը, և՛ գիշերօթիկը՝ որպես իրավական մեկ մարմին: Բացի այդ՝ անհրաժեշտ է նաև կենտրոնին թույլատրել ուսումնական առարկաների համար կիրառել դասական ուղղագրությունը: Նախարարի պաշտոնակատարը խնդիրների վերաբերյալ նշեց՝ կուսումնասիրվեն իրավական կարգավորումները, նախարարությունն առաջարկներով և նախաձեռնությամբ հանդես կգա, կներդնի բոլոր ջանքերն առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am