Քննարկվում է ԱՄԷ-ՀՀ երրորդ ուղիղ ավիաչվերթի հնարավորությունը. Փաշինյանն ընդունել է ԱՄԷ-ի նորանշանակ դեսպանին

Armenpress 19:06, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում դրանք կբարձրանան նոր մակարդակի: Կառավարության ղեկավարը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև նկատվում է տնտեսական համագործակցության աշխուժացում և առկա են լավ հնարավորություններ՝ գործարար կապերին նոր թափ հաղորդելու համար: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանն ու ԱՄԷ-ն զարգացնում են փոխգործակցությունը նաև զբոսաշրջության ոլորտում, ինչը նպաստում է երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:

Մուհամմադ Իսա Ալ Զաաբը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակով: Դեսպանը նշել է, որ իր երկիրը շահագրգռված է զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հումանիտար այլ ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է Հայաստանի հետ երրորդ ուղիղ ավիաչվերթի կազմակերպման հնարավորությունը, ինչը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Մուհամմադ Իսա Ալ Զաաբը նշել է, որ ԱՄԷ կառավարությունը պատրաստ է քննարկել ներդրումային ծրագրեր՝ Հայաստանի հետ համատեղ իրականացնելու նպատակով:

Երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման առումով զրուցակիցները կարևորել են առաջիկայում նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը: Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ դրա ընթացքում կկայացվեն կոնկրետ որոշումներ, որոնք միտված կլինեն երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է երկու երկրների միջև ՏՏ ոլորտում համագործակցությունը և հույս հայտնել, որ ԱՄԷ-ի ընկերություններն ակտիվորեն կմասնակցեն աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

ՀՀ-ԱՄԷ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերը կարևորել են նաև գործարար ֆորումների անցկացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am