1000х90.jpg (78 KB)

Իսպանիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Armenpress 16:51, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Տոլեդո քաղաքում ապրիլի 2-26-ը բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ ժողովրդի քրիստոնեական և մշակութային ժառանգության վիճակը մինչև ցեղասպանությունը և հետո պատկերող հին և նոր լուսանկարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը ներկայացված է Կաստիյա լա Մանչա մարզի Տարածաշրջանային գրադարանի Բորբոն-Լորենսանա սրահում:

«Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպել է Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպությունը (Cáritas Diocesana de Toledo)` Գրանադայի թեմի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության միջազգային կենտրոնի, Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) հիմնադրամի և Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ:

Ցուցահանդեսն առաջին օրերի ընթացքում արդեն ունեցել է զգալի թվով այցելուներ: Ցուցահանդեսի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է Տոլեդոյի քաղաքապետարանի, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպության, «Կաթոլիկ տեղեկատվության ծառայություն» գործակալության կայքերում, ինչպես նաև հրապարակումներ են եղել տեղական լրատվական www.eldiadigital.es, www.lacerca.com կայքերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am