1000х90.jpg (78 KB)

Նաիրի Սարգսյանը խոստացավ վարչապետին փոխանցել «Սպայկա» ընկերության աշխատակիցների բողոքն ու ակնկալիքները

Armenpress 14:26, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Սպայկա» ընկերության աշխատակիցներին մոտեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրի Սարգսյանը «Սպայկա» ընկերության աշխատակիցներին խնդրեց հստակեցնել վարչապետից իրենց ակնկալիքները՝ շեշտելով, որ վարչապետը բազմիցս ասել է, որ քրեական գործերի ընթացին երբեք չի խառնվելու, և, բնականաբար, այս գործը բացառություն չի կարող լինել: «Եթե կա այլ բան, որ ակնկալում եք վարչապետից, ես պատրաստ եմ փոխանցել»,- ասաց Նաիրի Սահակյանը:

«Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենց համար առաջնային խնդիր է, որպեսզի իրավական բոլոր պահանջներին համապատասխան «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորումը րոպե առաջ չեղյալ հայտարարվի: «Միգուցե, ես իրավաբանորեն ճիշտ չարտահայտվեմ, բայց մենք  ենթադրում ենք, որ դա հնարավոր է պաշտոնատար անձանց կողմից անձնական երաշխիքի միջոցով: Եվ մենք պահանջում ենք պարոն վարչապետի անձնական երաշխիքը, որպեսզի պարոն Ղազարյանը կալանքից ազատվի: Մենք ոչ մեկի չենք հավատում, մենք իրեն ենք հավատում և խնդրում ենք՝ իր անձնական երաշխիքով դատարանը թող չեղյալ հայտարարի կալանքի որոշումը: Մենք միջամտություն չենք ուզում, նոր Հայաստանում կառավարության կողմից չի էլ կարող լինել միջամտություն դատական իշխանության գործերին, մենք դա չենք պահանջում»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հարցրեց՝ չե՞ն կարծում, որ վարչապետի կողմից նման միջնորդությունը կհանդիսանա ազդեցություն քրեական գործի վրա, ինչին ի պատասխան «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, ի՞նչ տարբերություն՝ այդ միջնորդությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ն, թե՞ վարչապետը, եթե դատական իշխանության վրա ազդեցություն չկա: Մենք ընդամենը ուզում ենք, որ Դավիթ Ղազարյանը օրենքի շրջանակներում, առանց որևէ ազդեցության հետաքննության վրա, մեկ րոպե առաջ ազատ արձակվի: Մենք ուզում ենք մեկ րոպե առաջ անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակել»:

Նաիրի Սարգսյանն ընդգծեց, որ ինքը փոխանցեց վարչապետի տեսակետը, որ նա չի կարող միջամտել որևէ քրեական գործի ընթացքին, և այս գործը բացառություն չէ: «Ես ձեր  պահանջը բառացի կփոխանցեմ վարչապետին»,- ասաց Սարգսյանը:

Կարեն Բաղդասարյանն էլ ի պատասխան նշեց, որ իրենց կարծիքով այն, ինչ իրենք ցանկանում են, իրականանալի է: «Մենք փոխանցեցինք մեր ուզածը և կսպասենք պատասխանի»,- նշեց նա:

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլվճար չկատարելը): ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: Ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշում է կայացրել:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am