Արմեն Սարգսյանն ու Անտոնիո Գուտերեշը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում

Armenpress 15:53, 6 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարևորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության և դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում»,-նշել է նախագահը։

Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ։ Հանրապետության նախագահը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել են Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վերջերս կայացած հանդիպումը և ընդգծել, որ ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am