Հայաստանում տղա երեխային նախապատվություն տալու խնդիրը շարունակում է մնալ

Armenpress 15:48, 4 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կառուցվածքում դրական միտումը պահպանվում է: Եթե 2013 թվականին 100 աղջկա դիմաց ծնվում էր 115 տղա, ապա 2017 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա, 2018 թվականին՝ 111 տղա:

«Ճիշտ է, մեկ նիշով տարբերություն ենք տեսնում, սակայն մեր նման փոքր երկրներում մեկ նիշը մեկ տարվա կտրվածքով կարող է խաբուսիկ լինել, անհրաժեշտ է ցուցանիշները դիտարկել երկարաժամկետ կտրվածքով: Իսկ երկարաժամկետ կտրվածքով տեսնում ենք, որ ընդհանուր դրական միտումը պահպանվում է»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը:  

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրն ավելի շատ առկա է մարզերում:

«Ամենացածր գործակիցն արձանագրվել է Շիրակի մարզում, իսկ բարձր գործակից առկա է Գեղարքունիքում, որտեղ տարիներ շարունակ խնդիրը սուր է եղել, սակայն 2017 թվականին զգալի աշխատանքի արդյունքում պատկերը նկատելիորեն փոխվել է դրական առումով: Սեռերի հարաբերակցության բարձր գործակից է առկա նաև Տավուշում, Լոռիում, Արագածոտնի մարզում»,-ասաց Արման Սարգսյանը: Նա նշեց, որ սեռերի հարաբերակցության շեղումը կտրուկ արտահայտվում է ընտանիքում 3-րդ և 4-րդ երեխայի ծնվելու դեպքում:

Խոսելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառներից՝ մասնագետները նշեցին, որ դրանք բազմաթիվ են: Առաջնայիններից են հասարակության ընկալումները՝ տղա երեխային արժևորելը, աղջիկ երեխային թերարժևորելը: Այս ուղղությամբ վերջին շրջանում զգալի քարոզչական աշխատանք տարվեց, ինչն իր դրական ազդեցությունն ունեցավ:

«Այս խնդիրը սոցիալական գործակից նույնպես իր մեջ պարունակում է: Դրանով պայմանավորված ընտանիքը քիչ թվով երեխաներ է պլանավորում, և խնդիրը սրվում է, երբ երեխայի սեռի նախընտրություն են տալիս»,-ասաց Արման Սարգսյանը:

Ծովինար Հարությունյանը նշեց, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն իր ազդեցությունն ունի ժողովրդագրության ցուցանիշների վրա:

«Բազմիցս ենք ասել, որ մինչև 2060 թվականը 93 հազար աղջիկ չի ծնվելու: Եվ այս ֆենոմենի արդյունքում Հայաստանի բնակչությունն է նվազելու: Ի դեպ, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրթական բարձր ցենզ ունեցող կանայք ավելի շատ են նախընտրում տղա երեխա»,- ասաց Ծովինար Հարությունյանը:

Այս ամենին գումարվում է ծնելիության նվազումը, միգրացիան էլ բացասական ազդեցություն է ունենում ժողովրդագրության վրա: Ծովինար Հարությունյանը նշեց, որ օրերս ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացվել են խնդիրները: Նա ընդգծեց, որ կառավարությունը շատ հետաքրքրված է այս հարցերով, լուրջ է վերաբերում խնդրին և ձգտում է օր առաջ հասցեական քայլեր ձեռնարկել՝ ուղղված ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Առաջիկայում կձևավորվի ժողովրդագրության հարցերի բարելավման ազգային խորհուրդ, կհաստատվի կազմը, կմշակվի նոր գործողությունների ծրագիր:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am