Փաշինյան-Ալիև հանդիպում․ բովանդակային քննարկումների մեկնարկը տրված է

Armenpress 12:03, 30 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Մինչ օրս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոչ ֆորմալ երեք հանդիպումներից հետո սա առաջին գագաթնաժողովն էր, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Հանդիպման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները սկսվել էին դեռևս նախորդ տարվա վերջին և նախապատրաստական գործընթացն ավարտվեց մարտի 28-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումով:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ապա պետք է փաստել, որ դրա շուրջ ստեղծվել էր բավական մեծ հետաքրքրություն՝ հաշվի առնելով կողմերի հայտարարությունները և ձեռնարկած մարտավարական քայլերը:

Ի՞նչ է քննարկվել հանդիպմանը

Ընդլայնված կազմով հանդիպման, ինչպես նաև շուրջ երկու ժամ տևած առանձնազրույցի արդյունքներն ամփոփվեցին Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունում: Նշվում է, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Նման շեշտադրումներն, անշուշտ, դրական են և հիմք են տալիս ենթադրել, որ տեղի է ունեցել այն, ինչի կարևորության մասին հայտարարվեց  Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հակամարտության կարգավորման գործընթացում համանախագահների կողմից առաջ քաշված 3 սկզբունքների և 6 տարրերի մեկնաբանությունների հստակեցմանը՝ առանց տարընթերցումների տեղ թողնելու: Դա, իհարկե, երկարատև գործընթաց է, և մեկ հանդիպման ընթացքում բեկում ակնկալելն իրատեսական չէ: Սակայն, կարելի է փաստել, որ բովանդակային քննարկումների մեկնարկը տրված է, և այս գործընթացում Հայաստանի համար Արցախի կարգավիճակը և անվտանգությունը առաջնահերթություն են և հստակ արձանագրված կարմիր գծեր:

Ըստ հայտարարության՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև խաղաղ բանակցային գործընթացի համար նպաստավոր և անհրաժեշտ միջավայրի ձևավորման խնդրի հետ կապված՝ կարևորելով հստակ և զգալի քայլերի ձեռնարկումը: Համապատասխան միջավայրի ձևավորման կարևորումը դրական է, քանզի առանց դրա հնարավոր չէ ակնկալել արդյունավետ բանակցություններ: Ակնհայտ է նաև այն, որ նման միջավայրի ձևավորման հարցում զգալի խոչընդոտ է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը (չհայտարարված զորավարժություններ, ռազմական հռետորաբանություն և այլն), որը դեռևս փոփոխություններ չի կրում:

Կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հրադադարի ամրապնդմանը և անմիջական շփման մեխանիզմների բարելավմանը: Այս առումով բավական կարևոր են Դուշանբեի պայմանավորվածությունները, որոնց շնորհիվ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան սահմաններին հրադադարի խախտման դեպքերն էապես նվազել են: Այս փուլում կարևոր է, որ այդ պայմանավորվածությունները նաև ինստիտուցիոնալիզացվեն, ինչն առավել կամրապնդի դրանց պահպանման երաշխիքները:

Համանախագահների հայտարարության մեջ նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները համաձայնել են հումանիտար ոլորտում մի շարք գործընթացներ զարգացնել:  Հետաքրքիր է, որ նախկինում նմանատիպ գրեթե բոլոր առաջարկները մերժվել են ադրբեջանական կողմից, սակայն այժմ հայկական կողմի կառուցողականությունը և նախաձեռնողականությունը, կարծես թե, Ալիևին ստիպել է փոփոխել դիրքավորումը՝ համաձայնելով որոշ նախաձեռնությունների հետ: Հումանիտար ոլորտն, ըստ էության, պարարտ հող է, որտեղ առկա են մեծ հնարավորություններ, ինչը, բնականաբար, կնպաստի փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Ինչպես Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նշել է ՀՀ վարչապետը, նման քայլերից կարող են լինել Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների և Հայաստանում պահվող Ադրբեջանի քաղաքացիների հետ նրանց հարազատների տեսակցության կազմակերպումը, սահմանամերձ գյուղերի բնակիչների գյուղատնտեսական բնականոն գործունեության ապահովումը և այլն: Տարածված հայտարարության մեջ նշվում է նաև, որ վարչապետն ու նախագահը հրահանգել են իրենց նախարարներին կրկին հանդիպել համանախագահների հետ մոտ ապագայում: Նրանք համաձայնել են նաև շարունակել ուղիղ երկխոսությունը: Նման ձևակերպումից կարելի է ենթադրել, որ հանդիպման ընթացքում ձեռք են բերել հստակ պայմանավորվածություններ և դրանց կյանքի կոչման հարցերը կլինեն արդեն ԱԳ նախարարների օրակարգում: Միևնույն ժամանակ, երկու երկրների ղեկավարները հաստատել են բանակցությունները շարունակելու իրենց պատրաստակամությունը, ինչը խոսում է կայացած հանդիպման դրական ընթացքի մասին:

Հատկանշական է, որ համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկար բանակցային գործընթացի լիարժեքության վերականգնման խնդրին: Այնուամենայնիվ, առավել քան ակնհայտ է, որ այս էական հարցը ևս քննարկվել է հանդիպման ընթացքում: Դա անուղղակիորեն հաստատում են նաև հանդիպման վերաբերյալ Փաշինյանի և Ալիևի մեկնաբանությունները: Արցախի վերադարձը բանակցային սեղան պահանջում է երկարատև և հետևողական ջանքեր, և առնվազն միամտություն կլիներ կարծել, թե մեկ հանդիպման արդյունքում ադրբեջանական կողմը կհամաձայներ բանակցային ձևաչափի լիարժեքության վերականգնմանը: Ադրբեջանի վերջին տարիների քարոզչական և բանակցային մարտավարությունները կառուցվել են «Հայաստանը ագրեսոր է» թեզի վրա, և Բաքվում գիտակցում են, որ Արցախի վերադարձը բանակցային սեղան լրջագույն հարված կլինի իրենց դիրքերին: Չնայած Ալիևի դիմադրությանը՝ Արցախը վաղ թե ուշ պետք է ներգրավվի բանակցային գործընթացում՝ ունենալով վճռորոշ ձայն: Միայն այդ դեպքում է հնարավոր վերականգնել բանակցային գործընթացի տրամաբանությունը և ակնկալել իրական առաջընթաց բանակցային սեղանին:

Հանդիպման վերաբերյալ գնահատականները

Հատկանշական է, որ Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապված կողմերի գնահատականները բավական մոտ են: ՀՀ վարչապետը Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյան-Ալիև գագաթնաժողովը դրական է գնահատել՝ ընդգծելով, որ չի կարող ասել, թե բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, դարակազմիկ իրադարձություն, բայց սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել օրակարգերի, խնդիրների մասին: Ադրբեջանի նախագահը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նույնպես կարծիք է հայտնել, որ հանդիպումն անցել է դրական միջավայրում՝ նշելով, որ նախկին հանդիպումները կրել են ավելի շատ ճանաչողական բնույթ:

Գործընթացի հետ կապված որոշակի բավարարվածություն է նկատվում նաև համանախագահների մոտ: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ևս Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը որակել է՝ «երկար, բովանդակալից և արդյունավետ»:

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմամբ տրվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ֆորմալ բանակցային գործընթացի վերամեկնարկը: Հանդիպման օրակարգը ևս բավական հագեցած է եղել. քննարկվել է հարցերի լայն սպեկտոր՝ բովանդակային խնդիրներ, բանակցային գործընթացի լիարժեքության վերականգնում, ինչպես նաև բանակցությունների համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանն առնչվող հարցեր: Թեև գործընթացը դրական է, սակայն, ակնկալիքների մասին դեռևս վաղ է խոսել:

Նարեկ Մինասյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am