Օպերային թատրոնի ղեկավարությունը ողջունում է հարակից տարածքում պատշաճ միջավայրի ստեղծումը

Armenpress 19:30, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 27-ին ընդունել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին և փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին Օպերայի հարակից տարածքում պատշաճ միջավայր ստեղծելուն ուղղված քաղաքապետարանի գործողությունների կապակցությամբ: Կոնստանտին Օրբելյանը քաղաքապետին ներկայացրեց վերջերս թատերախմբի՝ Մոսկվայում և Դուբայում կայացած համերգներից ստացած իր տպավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը նշեց, որ հետևում է Օպերայի և բալետի թատրոնի հաջող ելույթներին և պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում աջակցել թատրոնի խնդիրների լուծմանը: Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքապետարանն այս տարի Երևանի պատմամշակութային շենքերի արտաքին լուսավորությունը փոխելու ծրագիր ունի, և Օպերայի շենքը նույնպես ներառված է ծրագրում:

Օգտվելով առիթից՝ քաղաքապետը խնդրեց հյուրերին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին փոխանցել իր շնորհավորանքները՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am