Անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը արտագնա նիստ անցկացրեց Գյումրիում

Armenpress 16:20, 26 Մարտ, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի հանձնարարականով Շիրակի և Լոռու մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը մարտի 26-ին արտագնա նիստ անցկացրեց Գյումրիում: Սա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումն էր: Հանդիպմանը ներկայացվեցին և քննարկվեցին միայն Շիրակի մարզին ու Գյումրուն առնչվող հարցերը: Նմանատիպ հանդիպում կլինի նաև Լոռիում:Հանդիպմանը ներկա էին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, աշխատանքային խմբի անդամները: Մինչ աշխատանքային խմբի օրակարգային հարցերի քննարկումը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով ու կարևորելով խմբի աշխատանքները, հույս հայտնեց, որ հունիսի 30-ին արդեն աշխատանքային խումբը կներկայացնի տնակների հստակ թիվն ու աշխատանքների ճանապարհային քարտեզը: «Սա Գյումրի քաղաքի համար չափազանց կարևոր աշխատանք է»,-հավելեց Շիրակի մարզպետը:Օրակարգային հարցերին ծանոթանալուց հետո» Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ, գործընթացն արագացնելու նպատակով, բացի տվյալ աշխատանքային խմբից, նմանատիպ խումբ էլ ստեղծվել է Գյումրու քաղաքապետարանում: Մինչ աշխատանքային խմբի կատարած աշխատանքների ներկայացումը, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը հիշեցրեց խմբի առջև դրված խնդիրները՝ հավաքել աղետի գոտու բնակավայրերի ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվությունը, այդ շինությունները տարանջատել բնակության և ոչ բնակության և հավաքագրել տեղեկություն ոչ հիմնական բնակության շինությունների վիճակի և այդ շինություններում բնակվող ընտանիքների ու անօթևանության հիմքերի վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ հավաքվել է 6338 ոչ հիմնական շինության մասին տեղեկատվություն, որից 3530-ը՝ Շիրակի մարզում, որոնցից 3150-ը տեղադրված են պետական կամ համայնքային հողամասեր հանդիսացող տարածքների վրա, իսկ 380-ը՝ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տարածքների: Ոչ հիմնական բնակության համար կառույցների մեծ մասը՝ 2871 Գյումրիի համայնքային ենթակայության հողամասերի վրա են տեղադրված, և միայն 33 քաղաքացիների 2858 տնակ Գյումրիում օգտագործվում է բնակության նպատակով»,- նշեց Տանյա Արզումանյանը։Խմբին ներկայացվել են նաև առաջարկներ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանից և «Շիրակ- կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանից:Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց՝ վարչապետին կներկայացվի ժամանակին եւ ճշգրիտ ինֆորմացիա: «Տարիների ընթացքում բավական աշխատանք կատարվել է: Արդեն իսկ կարող ենք ուրվագծել ճանապարհային քարտեզը, իսկ վարչապետի հանձնարարությամբ ժամանակին կներկայացնենք ոչ միայն թվային տվյալները, այլ նաև խնդրի լուծման հնարավոր տարբերակները»: «Իրականում այս աշխատանքային խմբի հիմնական նպատակը ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների կարգավիճակի հստակեցումն է: Բոլորս գիտենք՝ անօթևանության խնդիր կա, և մեր նպատակն է նախ ճշգրտել, թե իրականում ովքեր են անօթևանի կարգավիճակ ունեցողները, և բնակության համար քանի ոչ հիմնական շինություն՝ տնակ կա»,- լրագրողներին տեղեկացրեց Տանյա Արզումանյանը: Աշխատանքային խումբը ՀՀ վարչապետին վերջնական տվյալները կներկայացնի հունիսի 30-ին, իսկ մինչ այդ կշարունակի ուսումնասիրություններն ու հաշվառումը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am