Գարեգին Բաղրամյանի՝ Գերմանիա այցի ընթացքում ձեռք է բերվել հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության համաձայնություն


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով քառօրյա աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի  բաժնից, այցի նպատակն էր էներգետիկ քաղաքականությանը, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ռազմավարության մշակմանը, ոլորտի զարգացմանը և կարգավորմանը, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ, վերաբերող հարցերի քննարկումը:

Այցի շրջանակում Գարեգին Բաղրամյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, Էկոնոմիկայի և էներգետիկայի դաշնային նախարարության, «Քամու էներգիա» դաշնային միավորման, Էներգետիկայի և ջրային տնտեսության դաշնային միավորման, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, NEXT Kraftewerke-ի (շուկայի օպերատոր), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ), Ներդրումների և տեխնոլոգիաների խթանման գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերը, տեղի է ունեցել նաև փորձի և տեղեկատվական նյութերի փոխանակում: Գերմանական կողմի հետ ձեռք է բերվել վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության համաձայնություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am