Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը վնասվածքով էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը  

Armenpress 14:46, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը վնասվածքով մասնակցել է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Դավթյանը:

«Աշխարհի գավաթի խաղարկության առաջին օրը ծնկի վնասվածք ստացա: Այս նույն վնասվածքն ունեի ավելի վաղ, սակայն այն զգացնել չէր տալիս: Գավաթի խաղարկությունում առաջին ցատկը հաջող էր, երկրորդ ցատկի ժամանակ ուզում էի կրկին, սակայն չկարողացա: Կարևորն այն է, որ վնասվածքը չի խորացել, դեռևս կբավարարվեմ քսուկներով բուժվելով: Եթե այսպես մնա, և ցավերն էլ չխորանան, ապա կմասնակցեմ Եվրոպայի առաջնությանը»,-ասաց մարզիկը:

Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել է 4 մարզիկով: Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում գրավել է երրորդ, Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում՝ երկրորդ, Վահագն Դավթյանը նույն օղակների վարժությունում՝ երրորդ տեղը: Հարություն Մերդինյանը նժույգաթափերի վարժությունում 5-րդն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am