Համահայկական առևտրի պալատը սփյուռքահայ գործարարներին կոչ է արել ակտիվ ներգրավվել հայրենիքում

Armenpress 14:29, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական առևտրի պալատը, որը նաև ծանոթ է որպես Հայկական Առևտրային Ցանց (ATN), վերջերս կոչ է արել սփյուռքահայ գործարար համայնքներին՝ ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանում և օժանդակելու Հայաստանի հետ համաշխարհային կապերի զարգացման գործին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կազմակերպությունը նաև նշում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Սփյուռք-Հայաստան, ինչպես նաև միջազգային բիզնես կապերի զարգացմանը։ Կոչը լույս է տեսել ATN-ի լրաբերում:

«Այս օրերին, մեր հայրենիքի նորօրյա պատմության ամենափայլուն էջերից մեկն է կերտվում»,- ասված էր անցյալ տարվա ապրիլին հրապարակված ATN-ի գործադիր խորհրդի հայտատարության մեջ (կարդալ) որտեղ նաև կազմակերպությունը հույս էր հայտնել որ առաջիկայում կառավարության բարեփոխումների ծրագիրը՝ միտված գործարար արդար մրցակցության և ներդրումային դաշտի բարելավման, կլինի խորքային, համարձակ ու համապարփակ։

ATN-ի կոչը անդրադառնում է վերջերս հրապարակված Կառավարության Տնտեսական Հեղափոխության հնգամյա ծրագրին որը ենթադրում է խորքային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ «Մենք ողջունում ենք Նոր Հայաստանի կառավարության լուրջ մտադրությունները, հատկապես շուկայական անազնիվ հարաբերությունները և աչառությունները արմատախիլ անելու հարցում» ասված է կոչի մեջ։

Ինչպես նշվում է, հեղափոխությունից հետո ATN-ի ներկայացուցիչները հանդիպել են պետական պաշտոնյաների և ներկայացրել իրենց տեսակետները և կառույցը՝ միջազգային հայկական գործարար նոր հարթակ, որը էական հեռանկարային արժեք է ներկայացնում Հայաստանի համար։

2018-ին ATN-ի անդամ կազմակերպությունները հյուրընկալել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ Թորոնթո և Լոս Անջելես մեկնած առաջին տնտեսական պատվիրակությանը։ Աշնանը 6 անդամ կազմակերպություններից երկու տասնյակի չափ ներկայացուցիչներ մասնակցել էն Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին։ Հունվարին Ցյուրիխում ՀՀ վարչապետի պատվիրակությունը հյուրընկալվեց տեղի հայկական առևտրային պալատի կողմից։ Այլ փոխգործակցություններ շարունակում են տեղի ունենալ։

Կոչում նաև նաև արձանագրված է, որ ATN-ը սկսել է հրապարակել շաբաթական գործարար լուրերի ամփոփում Հայաստանի մասին իր գլոբալ գործարար համայնքի համար և պատրաստ է օժանդակելու այդ գործին:  ATN-ի կոչը ուղղված է իր անդամ կազմակերպություններին, ինչպես նաև սփյուռքի բոլոր գործարարներին՝ ներգրավվելու և օժանդակելու Հայաստանի հետ համաշխարհային կապերի զարգացման գործին։

ՀԱՑ-ը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որ ներառում է 18 ասոցիացիաներ 13 երկրներում։ Կազմակերպության նպատակն է վերակառուցել հայկական դարավոր առևտրային ցանցերը՝ նպաստելով նոր կապերի առաջացմանը և նոր հարթակ ստեղծելով սփյուռքի և Հայաստանի առևտրարդյունաբերական պալատների և գործարար միությունների համար գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև նպաստելու Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգին։ Համաշխարհային հայկական գործարար ցանցը կարող է նշանակալի արժեք ներկայացնել թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի գործարար համայնքների համար։

Հայերն անցյալում վճռական դեր են խաղացել միջազգային առևտրային հարաբերություններում համաշխարհային ազդու կոնսորցիումների միջոցով։ ՀԱՑ-ը ձգտում է վերահաստատել այդ համաշխարհային կապերը և միաժամանակ օժտել Հայաստանին մի եզակի ցանցային հարթակով ապագայում։ Այսօր մենք միակ միջհամայնքային գործարար հարթակն ենք, որ միավորում է սփյուռքի գրեթե բոլոր առևտրային պալատները և գործարար խորհուրդները, ինչպես նաև Հայաստանի երկու մեծագույն գործարար ՀԿ-ները։ Մեր միասնական նպատակն է զարգացնել համաշխարհային կապերը մեր գործարար համայնքների միջև և խթանել առևտուրն ու ներդրումները Հայաստանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am