Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է օպերատիվ ծառայությունների գործունեության արդյունքները

Armenpress 18:52, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում կայացած օպերատիվ խորհրդակցությանը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հասարակական կարգի պահպանման և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ընդգծել է արտաքին ծառայությունների աշխատանքը՝ նշելով, որ այս բնագավառում անհրաժեշտ է ապահովել ծառայողների պրոֆեսիոնալ ու հաղորդակցական որակների շարունակական կատարելագործում, ինչի գրավականը կանոնավոր ու պարբերական գործնական պարապմունքներն ու տեսական գիտելիքների կիրառմամբ ծառայության արդյունավետության հետագա բարձրացումն է:

Վալերիյ Օսիպյանը նիստի մասնակիցների հետ քննարկել է նաև օպերատիվ ծառայությունների գործունեության արդյունքներն ու հանձնարարել միջոցներ ձեռնարկել բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ օպերատիվ իրավիճակի վերահսկելիությունն ապահովելու գործում շեշտադրում անելով կանխարգելման ու նախականխման աշխատանքների հետագա խթանման վրա:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության ավարտին ըստ գործունեության ոլորտների կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ է տվել մասնակիցներին:

Անդրադառնալով ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովման հարցին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է խնդրի համալիր լուծման անհրաժեշտությունը՝ այն դիտարկելով խրախուսման համակարգերի միջոցով աշխատանքային և կատարողական կարգապահության ամրապնդման և ծառայողական պարտականությունների լիարժեք իրականացման համատեքստում:

Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, օպերատիվ ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների պետեր, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am