Արարատի մարզպետը այցելել է Մասիսում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխային

Armenpress 18:06, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանի և մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ մարտի 25-ին այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բուժում է ստանում օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքէջից, մարզպետը տեղում ծանոթացել է երեխայի առողջական վիճակին:

Ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրության` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը մարզպետ Սարգսյանին տեղեկացրել է, որ երեխայի վիճակը ծանր է, սակայն բժիշկներն ամեն բան անում են նրա կյանքը փրկելու համար:

Այնուհետև Գարիկ Սարգսյանն ուղևորվել է Մասիս քաղաք, որտեղ տեղի է ունեցել դժբախտ դեպքը: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ ընտանիքն ապրում է անապահով վիճակում:

 Վերջիններս պարտք են ունեցել, որի հետևանքով Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությանն օտարել է բնակարանը:

Ընտանիքը դրսում է հայտնվել մարտի 14-ին, որից հետո միայն դիմել են քաղաքապետարան: Մասիսի քաղաքապետարանը նրանց ժամանակավոր կացարան է հատկացրել, ընտանիքն այնտեղ է տեղափոխել իրերի մի մասը, սակայն մինչև վերջնական տեղափոխվելը գիշերել են հարևանի տանը: 

Զրուցելով երեխայի ծնողների հետ՝ Գարիկ Սարգսյանը հորդորել է նրանց նման ծանր վիճակում ամուր մնալ՝ վստահեցնելով, որ մարզպետարանն իր հերթին ամեն հնարավորը կանի նրանց աջակցելու համար:

Երեխայի ծնողները վստահեցել են, որ այրվածքներ ստացած երեխան մեքենայում չի գիշերել, պարզապես նեղացել է հարևանությամբ բնակվող երեխայից և թաքնվել ընտանիքին պատկանող մեքենայում, որտեղ էլ տեղի է ունեցել դժբախտ դեպքը:

Արարատի մարզպետը ծանոթացել է նաև Մասիսի քաղաքապետարանի կողմից հատկացված կացարանի պայմաններին և Արարատի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին հանձնարարել ուշադրության կենտրոնում պահել այս ընտանիքի հարցը, ապահովել անհրաժեշտ իրերով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am