1000х90.jpg (78 KB)

Գեղարքունիքի մարզում կոռուպցիոն հանցագործություններով հարուցված քրեական գործերի քանակն աճել է 140 տոկոսով

Armenpress 09:40, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի դատախազության հիմնական առաջնահերթություններից են բնակարանային գողությունների կանխման, բացահայտման ցուցանիշների զգալի բարելավումը, պայքարը ապօրինի ծառահատումների, ձկնորսության, ընդերքի արդյունահանման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ կատարված հանցագործությունների դեմ:  Մարզում հանցավորության վիճակի, թմրամիջոցների հետ կապված, անչափահասների  հանցագործությունների, 2019 թվականի ծրագրերի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ:

- Պարոն Երիցյան, 2018 թվականին Գեղարքունիքի մարզում հանցագործության քանի դեպք է գրանցվել: Գրանցված դեպքերից, որոնք են բացահայտվել: Նախորդ տարիների համեմատությամբ հանցագործությունների բացահայտման ինչպիսի դինամիկա է առկա, մասնավորապես՝ որ տեսակի հանցագործություններն են ավելի շատ գրանցվել և ինչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ:

-2018 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 155 դեպքով կամ 21,3 տոկոսով (729-884): Սակայն գրանցված դեպքերի ընդհանուր աճի պայմաններում 2-ով կամ 18,2 տոկոսով նվազել են առանձնապես ծանր հանցագործության դեպքերը (11-9):

32-ով կամ 46,4 տոկոսով աճել են ծանր հանցագործության (69- 101) և 73-ով կամ 36,7 տոկոսով միջին ծանրության հանցագործության (199-272) դեպքերը:

Եթե սպանության դեպքերի թիվը մնացել է նույնը՝ 5, ապա սպանության փորձի դեպքերն աճել են 2-ով, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը՝ 38-ով կամ 80,9 տոկոսով 47-85), որից առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ 1-ով:

Հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 30-ով կամ 13,8 տոկոսով (217- 187), և դրան զուգահեռ 26-ով կամ 28,3 տոկոսով նվազել են հրազենի և  ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը (92-66):

Ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտման դեպքերն աճել են 12-ով կամ 18,8 տոկոսով (2017թ.՝ 64, իսկ 2018թ.՝ 76), որից 16-ով կամ 228,6 տոկոսով աճել են մահվան ելքով դեպքերը (7-23): Փոխարենը 6-ով կամ 66,7 տոկոսով (2017թ.՝ 9, իսկ 2018թ.՝ 3) նվազել են տրանսպորտային միջոցներ փախցնելու դեպքերը:

Ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտման դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է սահմանված արագությունը գերազանցելու հետևանքով վթարների առաջացմամբ: Իսկ դա իր հերթին պայմանավորված է մարզի տարածքով անցնող Երևան-Սևան միջպետական ճանապարհի առկայությամբ և հանրապետությունում ավտոմեքենաների թվի ավելացման պայմաններում ամռան ամիսներին հանգստյան շրջանում այդ մայրուղում երթևեկության զգալի գերծանրաբեռնվածության առաջացմամբ: Հաշվի առնելով այս գործոնները՝ մարզի դատախազության կողմից միջոցներ են ձեռնարկվում ՃՈ հսկողությունն առավել ուժեղացնելու համար:

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերն աճել են 55-ով կամ 29,3 տոկոսով (188-243): Անձնական գույքի հափշտակության դեպքերն աճել են 38-ով կամ 25,5 տոկոսով (149-187), ինչը բնականաբար բացասական ցուցանիշ է և մտահոգիչ:

Գողության դեպքերն աճել են 27-ով կամ 19,6 տոկոսով (2017թ.՝ 138, իսկ 2018թ.՝ 165), որից բնակարանային գողության դեպքերը 7-ով կամ 24,1 տոկոսով (2017թ.՝ 29, իսկ 2018թ.՝ 36):

Ինչ վերաբերում է 2018թ. ընթացքում հանցագործությունների բացահայտման արդյունքներին, ապա պետք է նշել, որ վարույթում գտնվող քրեական գործերով և նյութերով անցնող 974 հանցագործությունների պարագայում բացահայտումը կազմել է 73 տոկոս: Մասնավորապես առանձնապես ծանր  հանցագործություններից բացահայտվել է 81,8 տոկոսը, ինչը, ի դեպ, 2017թ. ցուցանիշից ավելի է գրեթե 5 տոկոսային կետով:

Ծանր հանցագործություններից բացահայտումը կազմել է 48,7 տոկոս, միջին ծանրության  հանցագործությունների դեպքում՝ 62,3 տոկոս:

Սպանության 7 դեպքից չի բացահայտվել 2-ը: Խոսքը վերաբերում է Գեղհովիտ գյուղի բնակիչ Ավետիք Մադաթյանի և Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Բաբիկ Հարությունյանի մահվան դեպքերին:

2018թ. արձանագրված սպանության փորձի 3 դեպքն էլ բացահայտվել են: Այսինքն` այս առումով բացահայտումը կազմել է 100 տոկոս:  Դրական ցուցանիշ ունենք նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու  դեպքերի բացահայտման առումով. 12 դեպքից բացահայտվել է 9-ը, այսինքն` բացահայտումը կազմել է 75 տոկոս՝ 2017թ.՝  50 տոկոսի փոխարեն:

Ճանապարհատրանսպորտային պատահարների 83 դեպքից բացահայտվել է 66-ը, կամ 79,5 տոկոսը, իսկ մահվան ելքով 26 դեպքից բացահայտվել է 18-ը կամ  69,2 տոկոսը:

Գողության 185 դեպքից բացահայտվել է 97-ը, բացահայտումը կազմել է 52,4 տոկոս՝ 2017թ. 68,2 տոկոսի դիմաց: Հարկ է նկատել, սակայն, որ նախորդող տարվա համեմատությամբ չի փոխվել բնակարանային գողության բացահայտման ցուցանիշը՝ մնալով 50 տոկոսի սահմանում: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ հանրապետության մասշտաբով բնակարանային գողությունների քանակական աճին զուգահեռ արձանագրվել է բացահայտման ցուցանիշների անկում, Գեղարքունիքի մարզում առկա իրավիճակը կարելի է կայուն համարել, թեև դա բացարձակապես չի նշանակում, թե մարզի իրավապահ մարմիններն այս հանցատեսակի դեմ պայքարն ուժեղացնելու խնդիր չունեն: Այս առումով հարկ է նշել, որ բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների վիճակը մշտապես գտնվել է մարզի դատախազության ուշադրության կենտրոնում՝ առաջին հերթին պայմանավորված մարզի այն առանձնահատկությամբ, որ համայնքներում բազմաթիվ բնակարանների սեփականատերերն ընտանիքներով տարիներ ի վեր բնակվում են արտերկրում, իսկ նրանց բնակարանները մնացել են առանց հսկողության:

Նկատի ունենալով, որ բնակարանային գողությունները կատարվում են գիշերային ժամերին՝ ոստիկանությանը հանձնարարվել է գիշերային ծառայություններ իրականացնել բնակարանային գողությունների կանխարգելման և բացահայտման նպատակով: Կատարվել է քարտեզագրում, որի միջոցով հստակեցվել են այս հանցատեսակի համար առավել խոցելի շրջանները: Դրա հիման վրա առաջիկայում առավել ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ կնախաձեռնենք: 

Ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ գրանցված հանցագործությունների թիվն աճել է հիմնականում մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործություններով: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների զանգվածում հիմնական մասը կազմում են կենցաղային հարցերի պատճառով դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և ծեծի դեպքերը, իսկ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների զանգվածում՝ գողությունը: Դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է մարզում կատարված և գրանցված հանցագործությունների հաշվառման գործընթացի էապես բարելավման գործոնով: Իսկ որպես հանցագործությունների թվի աճի վրա ազդող դրական գործոն՝ կարելի է նշել լատենտային բնույթ կրող, հիմնականում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման բարձր արդյունքները, քաղաքացիների կողմից հանցագործության մասին ավելի հաճախ հաղորդումներ ներկայացնելը, որը իրավապահ մարմնի նկատմամբ վստահության նշան է:

- Մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները որքա՞ն են կազմել, որ ոլորտներում են առավելապես գրանցվել նման դեպքերը: Որքան է կազմում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ պետությանը պատճառված  վնասը:

-2018թ. գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների 114 դեպք, որից 42-ով հարուցվել է քրեական գործ: Համեմատության համար նշեմ, որ 2017թ. ընթացքում գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների 20 դեպք, որից 17-ով է քրեական գործ հարուցվել, այսինքն` դեպքերն աճել են 94-ով կամ 82,4 տոկոսով, հարուցված քրեական գործերի քանակը՝ ավելի քան 140 տոկոսով:

Նախորդ տարվա համեմատությամբ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճը պայմանավորված է մի կողմից քաղաքացիների ակտիվությամբ, մյուս կողմից՝ համապատասխան մարմինների օպերատիվ ստորաբաժանումների արդյունավետ գործունեությամբ:

Մեր դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող այս բնույթի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 14 անձի նկատմամբ, որից 5-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու, 6-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու, 1-ը՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և 2-ը՝ կաշառք տալու համար: Կոնկրետ այդ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Ի դեպ, պետք է նշեմ, որ որպես մեղադրյալ ներգրավված անձանցից 5-ի նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

Մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործություններ հիմնականում կատարվել են գյուղատնտեսության, սոցիալական ապահովության և աջակցության, տեղական ինքնակառավարման ոլորտներում: Որպես օրինակ կարող եմ նշել պետության կողմից մատչելի գներով տրամադրված սերմերի և պարարտանյութերի իրացման գործընթացում յուրացման եղանակով կատարված հափշտակությունները: Միայն մեկ համայնքի՝ Մադինայի դեպքում  հափշտակվել է 12.823.500 ՀՀ դրամ, որն ի դեպ, ամբողջությամբ վերականգնել է: Բացի այդ, կոռուպցիոն սխեմատիկ հանցագործության դեպք է բացահայտվել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում, որտեղ իրավասու անձանց կողմից համակարգ կեղծ տվյալներ մուտքագրելով հափշտակվել է 20 մլն դրամից ավելի պետության միջոցներ: 

Իսկ ընդհանուր առմամբ 2018թ. ընթացքում նյութերով, քննված քրեական գործերով ու դատարան ուղարկված գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 97.540.277 դրամ, որից վերականգնվել է 23.258.400 դրամ: Որպեսզի պարզ լինի այս ոլորտում մարզի իրավապահ մարմինների կողմից կատարված աշխատանքի ծավալը, միայն նշեմ, որ 2017թ. կոռուպցիոն քրեական գործերով պատճառված վնասը կազմել էր 28.441.190 դրամ, այսինքն` մոտ 3.5 անգամ քիչ, իսկ վերականգնումը կազմել էր 16.216.340 դրամ, որը 2018թ համեմատ մոտ 43.5 տոկոսով է քիչ 2018թ. արդյունքներից:

-Գեղարքունիքի մարզում պաշտոնեական դիրքի չարաշահման ինչ դեպքեր են գրանցվել: Կարո՞ղ եք դրանցից մի քանիսն առանձնացնել:

-2018 թվականի ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման 12 դեպք է արձանագրվել, որոնցից 4-ով հարուցվել են քրեական գործեր: Քննչական մարմնի վարույթում քննվել է 7 քրեական գործ:

Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, ուզում են նշել 2018թ. ապրիլի 10-ին Գեղարքունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի օրինակը: Այդ քրգործով մարզի Մադինա համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015 և 2016 թվականներին նա, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույք: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015 և 2016թ. գյուղատնտեսության աշխատանքների համար մատչելի գներով համայնքին տրամադրված ընդհանուր 185 տոննա պարարտանյութը  համայնքի շահառու բնակիչներին վաճառելու արդյունքում ստացված ընդհանուր 12.823.500 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափի գումարը յուրացնելու եղանակով հափշտակելուն: Այդ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել ենք ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: Իսկ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

-Ինչպիսի՞ վիճակում է անչափահասների մասնակցությամբ հանցավորության մակարդակը:

-2018թ. ընթացքում արձանագրվել է 11 անչափահասի կողմից կատարված 18 հանցագործության դեպք: Մինչդեռ 2017թ. ունեցել ենք ընդամենը 2 նման դեպք՝ կատարված 3 անչափահասի կողմից, այսինքն` ոչ միայն զգալիորեն ավելացել են անչափահասների կողմից կատարված հանցագործության դեպքերը, այլ նաև ինքնին հանցավոր արարքներ կատարող անչափահասների քանակը: Այս  իրողությունը կարող եմ մեղմ ասած գնահատել որպես խիստ մտահոգիչ, ինչը վկայում է, որ այս ոլորտում իրավապահ մարմինները՝ սկսած դատախազությունից, լուրջ անելիքներ ունեն: Ինչպես 2017թ. այնպես էլ 2018թ. ընթացքում անչափահասներին հանցավոր գործունեության մեջ ներգրավելու դեպք չի եղել:

Հաշվի առնելով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թվի նման զգալի աճը՝ մարզի դատախազությունում ուսումնասիրվել են դրան նպաստող պայմաններն ու պատճառները՝ իրավիճակից բխող կանխարգելիչ միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Դրա արդյունքում պարզվեց, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի գերակշիռ մասը, մասնավորապես՝ 18 դեպքից 12-ը, կատարվել է Սևանի տարածքում, ընդ որում մեկ քրեական գործով, 10 դրվագով բնակարանային գողություններ կատարել էին եղբայրներ: Նրանց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս դեպքում հանցանքների կատարմանը նպաստող հիմնական պատճառը  եղել է այն, որ անչափահասների ծնողներն ամուսնալուծված են և եղբայրները բնակվել են մոր հետ, ով աշխատանքի բերումով հիմնականում տանը քիչ է լինում և եղբայրները մնացել էին առանց հսկողության:

Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների աճի պատճառների կապակցությամբ համապատասխան հաղորդում է ուղարկվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետին: Դրա հիման վրա մեր մասնակցությամբ կայացել է շահագրգիռ քննարկում, որի արդյունքում հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ սպասարկվող վարչական տարածքներում հատուկ ուշադրություն դարձնել անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարվող իրավախախտումների, հանցագործությունների նախականխման, վաղ հայտնաբերման, ընտանեկան բռնությունների կանխարգելման աշխատանքներին, որը հանդիսանում է ոստիկանության հիմնական, առաջնային և կարևորագույն խնդիրներից մեկը:

-Որոնք են Գեղարքունիքի մարզի դատախազության 2019 թվականին առաջնային քայլերը լինելու, ինչ ուղղության վրա է աշխատանք տարվելու:

-Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում մենք շարունակելու ենք հանցավորության դեմ համակարգված ակտիվ պայքարը: Մեր հիմնական առաջնահերթություններից են հատկապես բնակարանային գողությունների կանխման, բացահայտման ցուցանիշների զգալի բարելավումը, պայքարը ապօրինի ծառահատումների, ձկնորսության, ընդերքի արդյունահանման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ կատարված հանցագործությունների դեմ:

Դրա հետ զուգահեռ, մարզի դատախազությունը 2019 թվականի 1-ին կիսամյակում նախատեսել է ակտիվացնել ջանքերը պետական շահերի պաշտպանության ոլորտում՝ հիմնվելով նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությունների, արձանագրած խախտումների վրա:  

Այս համատեքստում նախատեսում ենք նաև ուսումնասիրության առարկա դարձնել 2016-2017թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի համայնքներին պետության կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակներում տրված բյուջետային միջոցների ծախսման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Բացի այդ, ուսումնասիրության առարկա կդարձնենք նաև 2018թ. ընթացքում հետաքննության և նախաքննության մարմինների կողմից հայտնաբերված՝ վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ վարչական տույժի միջոցներ կիրառելու վիճակը:

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մեր հատուկ ուշադրության կենտրոնում է լինելու 2017-2018թթ. ընթացքում բժշկական, ուսումնական հաստատությունների գործունեությունը, քննված կոռուպցիոն քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակի բարելավումը:

Հարցազրույցը` Կարեն Խաչատրյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am