Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Armenpress 12:03, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Հունաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն, առաջընթաց և բարեկեցություն:

Հայաստանը կարևորում է հայ-հունական միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված դարավոր քաղաքակրթական առնչությունների, մեր ժողովուրդների միջև առկա ջերմության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-հունական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործնական համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի շահ մեր բարեկամ երկրների և բարօրություն մեր եղբայրական ժողովուրդների:

Լիահույս եմ, որ առիթներ կունենանք հանդիպելու և առաջ մղելու հայ-հունական համագործակցության օրակարագը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am