Ոստիկանները հայտնաբերել են դեղատան աշխատակցուհուն կողոպտած անձին

Armenpress 17:41, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստկանության Տարոնի բաժնում մարտի 22-ին, ժամը 13.05-ին հաղորդում է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող դեղատնից դրամապանակ են գողացել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ի սահմաններում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 85.000 դրամ, բանկային քարտեր և այցեքարտեր: 

Նույն օրը, ժամը 16.00-ին, Տարոնի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, կողուպուտ կատարելու կասկածանքով բաժին հրավիրված 28-ամյա Արա Ա․-ի հետ բացատրական աշխատանքների շնորհիվ պարզել են, որ նա դեղատան սեղանի վրայից բացահայտ հափշտակել է վաճառողուհու դրամապանակը ու դիմել փախուստի:

Արա Ա․-ի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել և վերցվել է կանացի դրամապանակ, 50.000 դրամ գումար, բանկային քարտեր ու այցեքարտեր: Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:Նախապատրաստվում են նյութեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am