Շիրակի մարզի համայնքները միացան համապետական շաբաթօրյակին

Armenpress 15:42, 23 Մարտ, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքները միացան համապետական շաբաթօրյակին: Մարտի 23-ին, ազդարարված շաբաթօրյակը նորմալ ու ըստ պատշաճի անցկացնելու համար Շիրակի մարզպետարանն ու Գյումրու քաղաքապետարանը ջանք ու եռանդ չէին խնայել կազմակերպչական աշխատանքների համար՝ տարածքները բաժանելով կազմակերպությունների ու համայնքների միջև, աշխատանքների կանոնակարգման նպատակով ստեղծվել էր հատուկ քարտեզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակության հետ կապերի բաժնից մարզի բոլոր համայնքները, պետական ու մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպություններն ու անհատ քաղաքացիները միացան շաբաթօրյակին՝ մասնակցեց շուրջ 13 հազար մարդ, օգտագործվեց 120 միավոր տեխնիկա, 20000 բազմապիսի գործիքներ: «Այս օրվա խորհուրդը միայն մաքրելը չէ, այլ նաև չկեղտոտելն է, մեր բոլորի քայլերը պետք է միտված լինեն մեր երկիրը մաքուր պահելուն: Այս տեսանկյունից եթե նայենք մեր այսօրվա միջոցառմանը, ապա այն իսկապես մեծ խորհուրդ ունի: Մենք չպետք է կեղտոտենք այն ինչ մերն է, իսկ այս երկիրը մերն է, մենք պետք է մաքուր պահենք մեր երկիրը, մեր մարզն ու համայնքը, մեր տունը»,- նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:Գյումրիում կազմակերպությունները, կրթական, մշակութային ու առողջապահական հաստատությունները ևս միացան շաբաթօրյակին՝ հիմնականում մաքրելով իրենց հաստատությունների տարածքները: Մաքրման աշխատանքներին միացան նաև ՀՀ ՊՆ Գյումրու կայազորի զինվորները:Շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ իրականացվել են միջպետական ճանապարհների, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքներում, պատմամշակութային հուշարձանների տարածքներում, իրականացվել են հանրային տարածքների, այգիների, պուրակների, գետերի հուների մաքրություն ու բարեկարգում։ Կատարվել են տարերայնորեն ձևավորված 25 ժամանակավոր աղբանոցների և աղբակույտերի հեռացման և մաքրման աշխատանքներ։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am