Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը

Armenpress 20:11, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը: Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Յակոբեան բնապահպանական կենտրոնի» հետ համագործակցությամբ սկսվում է ՀԱՀ «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Թափոնների քանակի և բաղադրության ուսումնասիրություն» ծրագիրը: Ծրագրի իրականացնող գործընկերն է բրիտանական «Յունոմիա» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի շրջանակներում կուսումնասիրվի կենցաղային կոշտ թափոնների, շինարարական, արդյունաբերական, էլեկտրական և էլեկտրոնային, գյուղատնտեսական ու այգեգործական, բժշկական, ավտոմոբիլային թափոնների քանակը և բաղադրությունը: Ուսումնասիրության ընթացքում  թափոնների որոշ տեսակների համար կգնահատվի նաև էներգետիկ արժեքը:

Ծրագրում կներգրավվեն տեղական փորձագետներ և Հայաստանի տարբեր մարզերի տեղական ինքնակառավարման մարմիններ: Նախագիծը կօժանդակի վերապատրաստել փորձագետներ և տեղական անձնակազմ՝ նմանատիպ ուսումնասիրություններ իրականացնելու համար: 

Հետազոտության արդյունքները կնպաստեն Հայաստանի Կառավարության կողմից շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա հիմնված թափոնների կառավարման  համապարփակ քաղաքականության վերամշակմանն ու իրականացմանը: Ծրագրի նպատակն է տեղեկատվություն ստանալ թափոնների հավաքման, վերամշակման և էներգիայի օգտագործման ոլորտներում ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի նպատակն է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» շրջանակներում հասնել Եվրամիության հետ օրենսդրության համապատասխանեցմանը, որն իր հերթին կնպաստի 2030 օրակարգի շրջանակներում Կայուն զարգացման նպատակներին  հասնելու Հայաստանի հանձնառությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am