ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ճանապարհային քարտեզը լրամշակման գործընթացում է

Armenpress 19:55, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի հունիսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Ճանապարհային քարտեզը հիմա լրամշակվում է, համաձայնեցման գործընթացում է գտնվում: Այն պետք է հաստատվի հստակ հունիսին ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի ժամանակ»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ դրանից հետո սկսվելու է դրա իրագործումը:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին: Եվրամիության անդամ 28 երկրից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am