Արտգործնախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում դեսպանների աշխատանքի որակի բարձրացմանը


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների մատուցած ծառայությունների որակը բարձրացնելուն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյան հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում Հայաստանի դիվանագիտական կորպուսի հնաբնակ աշխատակիցների՝ դեսպանների ադապտացիան 2018-ի ապրիլից հետո նոր իրողություններում:

Ադոնցը նշեց, որ դեսպանների, այսպես ասած, ադապտացիան լավ է անցնում: « Սա ծառայություն է, իսկ այսօր այդ ծառայության որակը բարձրացնելու վրա մեծ ուշադրություն է դարձվում: Եվ այդ ծառայության կանոններից ցանկացած շեղման մասին անմիջապես հայտնի է դառնում, և համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում»,-ասաց փոխնախարարը:

Նա շեշտեց, որ այդ ոլորտում ցանկացած աշխատանք տեղի է ունենում Դիվանագիտական ծառայության մասին օրենքի շրջանակներում:

Բաբաջանյանը նշեց նաև, որ  2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը բանակցության գործընթացին վերադարձնելու նպատակի մասին: «Այս առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից ի ՞ նչ հանձնարարականներ են իջեցվել մեր դեսպաններին: Մեր դիվանագետները այդ երկրների իշխանությունների հետ արդյոք որոշակի աշխատանք տանում են: Նաև Հայ դատի հանձնախմբի հետ ի ՞ նչ աշխատանք տարվել»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Ադոնցը տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ հանդիպում է ունեցել Հայ դատի գրասենյակի ղեկավարի հետ, և անշուշտ այդ հարցն իրենց օրակարգում է՝ նաև ինֆորմացիայի դեֆիցիտը լրացնելու առումով: Անդրադառնալով դեսպաններին՝ նա նշեց, որ դեսպանները պարտադիր հետևում են, թե ինչ է կատարվում Հայաստանում և ցանկացած դեսպան ամեն օր կարդում է բոլոր հայտարարությունները, որոնք արվում են պետության ղեկավարի, արտգործնախարարի կողմից: Հետո դրանք անմիջապես ստանում են հանձնարարականի տեսք և ուղարկվում են համապատասխան դեսպանություններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am