Արթուր Վանեցյանի կարծիքով՝ ԱԱԾ-ի տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե

Armenpress 17:43, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրավապահ մարմինները չեն խուսափում խորհրդարանական վերահսկողությունից: Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա լրագրողների խնդրանքով իր կարծիքը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը նախարարություններ դարձնելու առաջարկությունների վերաբերյալ:     

«Եթե կլինի քաղաքական որոշում, ապա կենթարկվենք դրան: Բայց ուզում եմ ընդգծել, որ եթե դրա նպատակը խորհրդարանական վերահսկողությունն է, ապա այսօր վառ օրինակ է, որ մենք չենք խուսափում խորհրդարանական վերահսկողությունից: Ցանկացած ժամանակ կարող ենք գալ և պատասխանել Ազգային ժողովի պատգամավորների հարցերին փակ, թե բաց ֆորմատով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ քաղաքական հրահանգներ վարչապետի կողմից առհասարակ չեն լինում, ԱԱԾ-ն գործում է օրենքի շրջանակներում:

«Կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կամ Ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնել չարժե, որովհետև եթե մենք դառնանք նախարարներ, ապա լինելու ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք և ուզենք թե չուզենք սպասարկելու ենք որևէ ուժի շահերը»,-ասել էր նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am