Նիդերլանդներում Հայաստանի դեսպանն այցելել է Խրոնինգեն քաղաք

Armenpress 13:16, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մարտի 21-ին այցելել է  Խրոնինգեն քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Պետեր դեն Ուդստենի (Peter den Oudsten) հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  դեսպանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները և այդ գործընթացում միջազգային գործընկերի աջակցության կարևորությունը։ 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, քաղաքային տնտեսության կառավարման հոլանդական օրինակելի փորձի Հայաստանում ներդրման հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթական ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Դեսպան Բալայանը հյուրընկալվել է նաև Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկում՝ Խրոնինգենի համալսարանում, որտեղ շրջայցից հետո հանդիպել է համալսարանական գրադարանի տնօրեն Մարյոլեյն Նիեբուրի (Marjolein Nieboer) հետ։ ՀՀ դեսպանը Խրոնինգենի համալսարանի գրադարանին հանձնել է Հայաստանի, համահայկական կարևորության խնդիրների և հոլանդահության վերաբերյալ շուրջ հինգ տասնյակ գրքեր՝ անգլերեն և հոլանդերեն լեզուներով։

Այնուհետև Տիգրան Բալայանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ է հանդես եկել համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի մոտ չորս տասնյակ ուսանողների առջև։

Իր խոսքում և ուսանողների հարցերին իր պատասխաններում դեսպան Բալայանն անդրադարձել է Հայաստանի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին և ակնկալվող արդյունքներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հարևան երկրների հետ հարաբերություններին և միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելուն՝ ուղղված Հայաստանի նախաձեռնություններին։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am