Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ տնտեսական աճի համար ավելի համեստ ցուցանիշ են կանխատեսել, քան իրականում կլինի

Armenpress 18:57, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ պետական բյուջեով նախանշված տնտեսական աճի 4.9 տոկոսն ավելի ցածր ցուցանիշ է, քան իրականում կարձանագրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջանջուղազյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

Լրագրողը դիտարկում արեց՝ Համաշխարհային բանկը Հայաստանի համար 2019-ին կանխատեսել է ավելի ցածր տնտեսական աճ՝ 4.3 տոկոս:

«Համաշխարհային բանկը 4.3 տոկոս աճ է արձանագրել, մեր կանխատեսումը մոտ 4.9 տոկոս է, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը մոտ 4.5 տոկոս է: Դրանք իրարից շատ տարբերվող չեն: Մեր կարծիքով՝ իրենք պահպանողական կողմն են վերցրել: Գործնականում կիրառվում է նույն մեթոդաբանությունը և նույն մոդելները, որոնք տալիս են այդ կանխատեսումային ցուցանիշները։ Ուղղակի ենթադրությունների մեջ լինում են տարբերություններ»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ իրենց կանխատեսումն այն է, որ այն, ինչ նշել են որպես տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշ, պիտի որ ավելի համեստ լինի, քան իրականում սպասվում է: «Իրականությունը պետք է լինի անհամեմատ ավելի, քան կանխատեսված ցուցանիշը»,-եզրափակեց նախարարը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am