Ոստիկանությունը նախաքննության է ուղարկել ԲԷՑ-ում խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Armenpress 17:45, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանը հունվարի 9-ին փոխանցվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։

Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն յուրացրել են դրանք։ Արդյունքում՝ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24․372 մետր հաղորդալար։ 

Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։Քննությունը շարունակվում է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am