«Երևանյան բեսթսելեր». Հարրի Փոթերի մասին պատմող գրքերն առաջատար են. Մանկական գրականություն. փետրվար, 2019

Armenpress 11:33, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ,  22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը:  Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները: 

Երկրորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների շրջանում, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» երրորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին: 

Չորրորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Հինգերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գիրքը: Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղանակները:  

Վեցերորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Յոթերորդ հորիզոնականում է «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Գիրքը վերահրատարակվել է, ներառում է նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ... «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»  նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ...

Ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի մեկ այլ «Հեքիաթներ» ժողովածու՝ նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:

Իններորդ հորիզոնականում դարձյալ Թումանյանի «Հեքիաթներ»-ն են՝ մեկ այլ հրատարակչության հրատարակությամբ:

Տասներորդ հորիզոնականում է Ա. Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը: Հանրահայտ Շերլոք Հոլմսի անհավանական, գրավիչ և անսպասելի շրջադարձերով լի արկածները պատանի ընթերցողներին հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու իրենց շրջապատող աշխարհն ու երևույթները, զարգացնելու քննադատական մտածողության հմտությունները:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 56 2 +4

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

GSM 40 3 -1

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 36 4 * «Հայկական հեքիաթներ» GSM 36 5 նոր

Ջ. Ք. Ռոուլինգ

«Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում»

Զանգակ 34 6 -2

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 20 7 * «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» Էդիթ Պրինտ 18 8 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 18 9 -2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 14 10 *

Ա. Կոնան Դոյլ

«Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են»

Անդրանիկ 14


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am