Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Armenpress 21:00, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում մարտի 20-ին կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի մասնակիցները քննարկել են հայկական կողմի մշակված ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ ԵՄ կողմի մեկնաբանություններն ու ճանապարհային քարտեզում դրանցից բխող կատարվելիք փոփոխությունները:  Օրակարգում էին, մասնավորապես, համաձայնագրի ճանապարհային քարտեզի նախագծում ներառված քաղաքական երկխոսության, արդարադատության, միգրացիայի, էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և կլիմայի, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ԵՄ կողմի առաջարկությունները և դիտարկումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը նիստի մասնակիցներին ներկայացրել է ԵՄ նկատառումներն ըստ ոլորտների, ինչից հետո գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով: Զեկույցներին հաջորդել են քննարկումները, որոնց, հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցել են Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի մի շարք անդամներ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով նիստը, նշել է, որ hաշվի առնելով եվրոպական կողմի առաջարկությունները և դրանց վերաբերյալ միջգերատեսչական նիստի քննարկման արդյունքները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը սեղմ ժամկետում կլրամշակվի և դրա վերջնական տարբերակը կտրամադրվի եվրոպական կողմին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am