Հայաստանում մեկնարկել են Մալթայի երաժշտության օրերը

Armenpress 18:30, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մալթայի երաժշտության օրերի մարտի 19-ին կայացած առաջին համերգային երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել մալթացի հանրահայտ երաժիշտներից մեկը՝ Կարմինե Լաուրին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտ Կարմինե Լաուրին առաջին անգամ հանդես է եկել մոտ մեկ տարի առաջ։ «Հրաշալի երաժիշտներ են։ Հաճելի է համագործակցել նման մարդկանց հետ։ Եվ ես առաջարկեցի գալ Հայաստան, նվագել Էրիկ Վոլֆգանգ Քորնգոլդի Ջութակի կոնցերտը։ Մեծ հույս ունեմ, որ համագործակցությունը սիմֆոնիկ նվագախմբի հետ կշարունակվի»,- ասում է ջութակահարը։ Կարմինե Լաուրին կարևորում է մշակութային երկխոսությունը մալթացի և հայ ժողովուրդների միջև. «Երաժշտությունը միջազգային լեզու է։ Շատ կարևոր է, որ Մալթայի երաժիշտներն այսօր այցելում են Հայաստան։ Դա միջմշակութային շփման մեծ հնարավորություն է ինչպես երաժիշտների, այնպես էլ երաժշտասերների համար»։

Համերգային երեկոյի ընթացքում հնչել են նաև Յոզեֆ Վելլայի “Rebbieha” սիմֆոնիկ պոեմը, որը Հայաստանում կատարվեց առաջին անգամ, ինչպես նաև՝ Կամիլ Սեն-Սանսի թիվ 3 սիմֆոնիան։ Համերգի դիրիժորներն էին Սերգեյ Սմբատյանը և Իլյա Շտուպելը: Հանրահայտ դիրիժոր, «Գրեմմիի» մրցանակակիր Իլյա Շտուպելը առաջին անգամ էր հանդես գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշեց, որ տպավորված է հայաստանյան այցից ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունից: «Շատ տաղանդավոր դիրիժոր է Սերգեյ Սմբատյանը, հսկայական աշխատանք է կատարում այս նվագախմբի համար: Եվ նման մարդկանց պետք է օգնել, եթե կարողանամ, ամեն ինչ կանեմ այս նվագախմբի զարգացման համար»,- ասաց Իլյա Շտուպելը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ մեկ տարի առաջ Մալթայում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ որպես Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ, և իրենց առաջարկով այս օրերին Հայաստանում կայանում են Մալթայի երաժշտության օրեր, ինչը հնարավորություն է տալիս հայ երաժշտասերներին ծանոթանալու Մալթայի երաժշտական ժառանգությանը։

Առաջիկա օրերին հայ հանդիսատեսը կկարողանա ունկնդրել մալթացի այլ կատարողների։ Մարտի 21-ին Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա մալթացի երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Բերնիս Սամմութ Ատարդի մենահամերգը։ Մարտի 22-ին «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ և դիրիժոր Արամ Թալալյանի ղեկավարությամբ հանդես կգա մալթացի տաղանդաշատ երաժիշտ, ջութակի վարպետ, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը:

Հիշեցնենք, որ «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը նախաձեռնել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանովի գլխավորությամբ, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի առաջին համերգային երեկոյին ներկա էին նաև ԴասA ծրագրի մասնակիցները՝ Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետ նախապես անցկացվել է ինտերակտիվ դասընթաց դասական երաժշտության վերաբերյալ՝ նրանց ծանոթացնելով նաև կոմպոզիտորների կյանքին, ստեղծագործությանը, երաժշտական գործիքներին, դասական երաժշտության համերգներին մասնակցելու կանոններին»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am