Գյումրիում մեկնարկել են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ

Armenpress 18:18, 20 Մարտ, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում փողոցաշինական աշխատանքների իրականացման համար  ոչ մի խնդիր  չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 20-ին հրավիրած ասուլիսում ասաց  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: 

«Փողոցաշինական աշխատանքները մեկնարկել են: Բնական է, շինարարության  ժամանակ կլինեն  անհանգստություններ, բայց դա  ժամանակավոր է»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ գյումրեցիներին համբերատարություն մաղթելով: 

Ընտրված  34 փողոցները նորոգվելու են հիմնովին, սակայն, նախորդ  անհանգստությունը բացառելու համար,  այս անգամ քանդելու են ոչ թե  մայթերն ու փողոցները միաժամանակ, այլ նախ մայթերը, ապա՝  փողոցները: Փողոցները հիմնականում կենտրոնական փողոցներն են:

«Մինչ այս երբեք  նման աշխատանքներ չեն կատարվել, նման ծավալով: Ոչ մի խնդիր չունենք՝   փողը կա,  նախագծերը կան, շինարարները կան, ժամկետները տրված են: Բոլոր շինարարական ընկերություններն արդեն սկսել են աշխատանքները: Սա  3 տարվա ծրագիր է, իսկ փողոցների վերանորոգումից հետո  քաղաքում շուրջ 11 հազար 500  լուսակետ էլ է տեղադրվելու»,- ասաց նա:

Քաղաքապետի խոսքով՝ ծրագրի առաջին փուլը կավարտվի  հունիսին, իսկ օգոստոսին նախատեսվում է  սկսել երկրորդ փուլը:

«Ամեն ինչ կանենք  կանոնակարգված՝ հնարավորինս  քիչ  անհանգստություններ պատճառելով բնակչությանը»-նշեց քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը նաև  տեղեկացրեց, որ այս պահին չկա նախագծային փոփոխության խնդիր,  դրանք  արդեն կատարվել են: Տվյալ փողոցներում կառուցվելու են ջրահեռացման համակարգեր, բոլոր վերգետնյա  համակարգերը  դառնալու են ստորգետնյա:

Խոսելով ժամկետների մասին՝ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն աշխատանքներն իրականացնում է  պայմանագրով, և  ժամկետների խախտման դեպքում  տվյալ կազմակերպությունը կենթարկվի  տուգանքի:

Աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով:

ՎԶԵԲ-ի ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին, առաջին փուլն ավարտվելու է 3 ամսից` հունիսին, երկրորդ փուլը սկսվելու է օգոստոսին, ավարտվելու է հաջորդ տարի հունիսին, այնուհետ մեկնարկելու է ծրագրի վերջին փուլը:ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի, նաեւ համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվելու է քաղաքի փողոցների ու հրապարակների 60 տոկոսը` շուրջ 40 կիլոմետր երկարություն:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am