ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Կլեմսոնի համալսարանի մի խումբ ուսանողների հետ


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 19-ին  հանդիպում է ունեցել Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի պրոֆեսոր Վլադիմիր Մատիչի և մի խումբ ուսանողների հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է Արցախի պատմությունը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառներն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև Արցախի անկախության պատմաիրավական հիմքերը։Արցախի մշտական ներկայացուցիչը նաև պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման շուրջ Արցախի Հանրապետության դիրքորոշմանը, գործընթացում ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությանը, ինչպես նաև Արցախում առկա իրողություններին և նրա քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքների և ազատությունների իրացմանը։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am