Գյուղնախարարությունը բանկերի հետ կքննարկի պետության կողմից սուբսիդավորվող վարկի փոխարեն այլ վարկ տրամադրելը

Armenpress 17:51, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առևտրային բանկերի կողմից սուբսիդավորվող վարկերը  այլ ավելի բարձր տոկոսադրույքներով վարկերով չփոխարինելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը քննարկում կանցկացնի բանկերի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարար Գեղամ Գևորգյանն ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նիստում:

«Հրապարակումներ են լինում, որոնցում նշվում է, որ բանկերը փորձում են այս կամ այն կերպ շրջանցել և պետության կողմից սուբսիդավորվող վարկի փոխարեն այլ վարկ տալ: Մարտի 21-ին հրավիրելու ենք առևտրային բանկերին, որոնց հետ քննարկման օրակարգում կլինի նաև այս հարցը: Մենք հետևողական ենք և այս հարցը կբարձրացնենք: Ինչպես հասկանում ենք՝ սա ներքևի մակարդակի վրա է տեղի ունենում: Բանկի ղեկավարությունը բնականաբար նման հրահանգներ չի տվել»,-ասաց նախարարն ու հավելեց՝ գյուղացիների իրազեկվածության բարձրացումը ևս կարևոր է:

Գևորգյանը նշեց, որ սուբսիդավորվող վարկերով շատ վարկառուներ կան, որոնք որևէ ուշացում կամ վարկի չմարման հետ կապված խնդիրներ չունեն։ Նախարարությունը հետևողականորեն մոնիտորինգ է անցկացնում, որ վերցված վարկն օգտագործվի ոչ թե այլ բան գնելու, այլ գյուղատնտեսության մեջ ներդնելու համար, որը պետք է  ապահովի շահույթ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am