Դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԵՐԵՎԱՆ: Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը մարտի 19-ին իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորել է Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորվել են լավ բարեկամական հարաբերություններ՝ կարևորելով դրա շարունակականության ապահովումը։

Դեսպան Պապիկյանը նշել է, որ պատրաստ է առավել ջանքեր ներդնել հայ-ավստրիական համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ դեսպանը Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին փոխանցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ջերմ ողջույնները և բարեմաղթանքները: Ի պատասխան` նախագահ Վան դեր Բելլենը խնդրեց իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ միջպետական հարաբերությունները և այդ առումով ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը:

Ավստրիայի դաշնային նախագահի խնդրանքով, Արմեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին, իրականացվող բարեփոխումների ընթացքին և տարածաշրջանին առնչվող խնդիրներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am