Վարչապետը կարևորում է դատարանների բեռնաթափումը

Armenpress 19:48, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը քննարկում է դատական համակարգը բեռնաթափելու հարցը: Մասնավորապես քննարկվում է որոշակի պարզ գործեր փոխանցել նոտարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկվում է դատական համակարգը բեռնաթափելու հետ  կապված խնդիրը։ Եթե դատավորը ծանրաբեռնված է անհամար դատական գործերով և ժամկետներով կաշկանդված է, որ պետք է որոշում կայացնի, շատ դեպքերում կարող է չկարողանալ որակը ապահովել: Հետևաբար` դատարանների բեռնաթափումը, այդ դատական գործերը այլ մարմինների պատվիրակելը շատ կարևոր գործ է: Հիմա քննարկվում է հետևյալ գաղափարը՝ պարզ մի շարք գործերի լուծումը պատվիրակել նոտարներին և այդպես շարունակ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ դատարանների շենքային պայմանները ևս շատ կարևոր են, կարևոր է, թե ինչ տեխնիկայով են աշխատում: Խոսելով դատական համակարգում բովանդակային փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ դա Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի շատ կարևոր սեգմենտներից մեկն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am