1000х90.jpg (78 KB)

Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի մրցանակի համար վեց երիտասարդ է պայքարում

Armenpress 18:40, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դասական երաժշտության բնագավառում օրը մրցութային էր. տեղի ունեցավ գործիքային կատարում անվանակարգում Հայաստանի նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակի հավակնորդների առաջին ընտրական փուլը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Նախորդ տարիներին բազմաթիվ երիտասարդներ ստացել են մրցանակներ,և դա խթան է հանդիսացել նրանց հետագա գործունեության համար» ,- նշեց մրցույթի պատասխանատու Աիդա Խաչիկյանը՝ հավելելով, որ մրցույթն անցկացվում է արդեն 10 տարի:

Այս տարվա մրցույթը նախորդներից գրեթե չի տարբերվում, միայն ժյուրիի կազմն է փոխվել, ընտրվել են ավելի պրոֆեսիոնալ մասնագետներ: «Ժյուրիներին ընտրելու միակ սկզբունքը նրանց պրոֆեսիոնալիզմն է»,- ասում է Աիդա Խաչիկյանը:

Մրցույթի մասին հայտարարվում է նոյեմբեր -դեկտեմբերին, այնուհետև սկսվում է մասնակիցների ընտրությունը ժյուրիի անդամների կողմից, իսկ հետո մասնակիցներն իրենք վիճակահանության միջոցով ընտրում են իրենց ելույթի համարները: «Վիճակահանության միջոցով են ընտրում, քանի որ գրեթե բոլորն էլ խուսափում են առաջինը ելույթ ունենալուց» ,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանեց մրցույթի պատասխանատուն:

Մրցույթին մասնակցություն ունենալու դիմում են ներկայացնում 18-27 տարեկան երիտասարդները, հիմնականում Կոնսերվատորիայից: «Աղջիկները տղաներից համեմատաբար շատ են լինում, դիմող քսաներկուսից հինգն էին տղա»,- նշեց Խաչիկյանը:

Այս տարվա ժյուրիի կազմում են ջութակահար  Էդուարդ Թադևոսյանը, ով ժյուրիի նախագահն է, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, կոմպոզիտոր Ռուբեն Հայրապետյանը և երաժիշտ Լևոն Էսկենյանը:

Մրցույթն անցկացվում է 2 անվանակարգում ˋերգեցողություն և գործիքային կատարում: Այս տարի մրցույթին մասնակցում են 6 հոգի: Առաջին փուլին մասնակիցների ելույթները լինում են գործիքային կատարումներ, իսկ երկրորդ փուլին վոկալային: Երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 22-ին, որի ժամանակ կընտրվի մրցույթի հաղթողը:

Մերի Կիրակոսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am