ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը մերժեց նիստի օրակարգում ընդգրկել Լևոն Բարսեղյանի ինքնաբացարկի հարցը

Armenpress 18:26, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը մարտի 19-ի նիստում միաձայն մերժեց խորհրդի  նախագահ Լևոն Բարսեղյանի ինքնաբացարկը նիստի օրակարգ ընդգրկելու հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդի նիստին  24 անդամներից ներկա էր 17-ը։ Նիստը  մեկնարկին քննարկվեց օրակարգային հարցերի նախագիծը հաստատելու հարցը, որի ընթացքում էլ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդես  եկավ հայտարարությամբ, որը վերաբերում էր իրեն անվստահություն հայտնելուն։ Լևոն Բարսեղյանը նշեց, որ իր հետագա պաշտոնավարմանն անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակն ինքն է, իսկ պատճառը ռեկտորի թափուր պաշտոնի համար կայացած մրցույթն է։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը նշեց, որ մրցույթից հետո իրեն վերաբերող քննադատություններ են հնչել համացանցում, իսկ բուհի որոշ դասախոսներ ու տարբեր մարդիկ իրեն մեղադրել են մրցույթի թեկնածուներից Լուսինե Ֆլջյանի հանդեպ «մանիպուլյացիաներ կիրառելու» մեջ։

«Ես ուսումնասիրեցի «մանիպուլյացիա» բառի բոլոր բացատրությունները, և բազմաթիվ տարբերակների հետ նշվում էր նաև խաբեությունը: Հիմա, եթե ես խաբեություն եմ կիրառել թեկնածուի հանդեպ, ուրեմն այստեղ իմ հետագա պաշտոնավարմանը վերաբերող անվստահության հարց է առաջանում»,- նշեց Լևոն Բարսեղյանը։

Անվստահություն հայտնելու հարցն օրակարգում ընդգրկելու առաջարկությանը հոգաբարձուների խորհրդի ներկա անդամները, բացառությամբ Լևոն Բարսեղյանի,  միաձայն դեմ քվեարկեցին։

Մարտի 2-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի ռեկտորի ընտրություն:  Ռեկտորի աթոռի համար պայքարում էր  երկու թեկնածու՝ Անդրանիկ Սարգսյանը եւ Լուսինե Ֆլջյանը, սակայն թեկնածուներից ոչ մեկ չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայները. Անդրանիկ Սարգսյանի օգտին գրանցվեց  8,  իսկ Լուսինե Ֆլջյանի օգտին՝6 ձայն,  9  քվեաթերթիկ  ճանաչվեց անվավեր:

2018 թվականի մայիսի 15ին բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական ներկայացրեց: Ռեկտորի  պարտականությունները ժամանակավորապես իրականացնում է համալսարանի պրոռեկտոր  Երվանդ Սերոբյանը: 

Արմենուհի Մխոյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am