Հայտնի դարձավ Գեղարքունիքի մարզի ծանրամարտի պատանեկան հավաքականի կազմը

Armenpress 11:12, 19 Մարտ, 2019

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Սեւանի քաղաքապետարանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում անցկացվեց Գեղարքունիքի մարզի 2002-2007 թվականներին ծնված պատանիների ծանրամարտի մարզային առաջնություն, որին ներկա էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, առաջնությանը մասնակցում էին Սեւանի, Հայրավանքի, Լճափի, Մարտունու եւ Վերին Գետաշենի ծանրորդները՝ 45 մարզիկ: Այն անցկացվեց ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, մեկ փուլով: Մրցավարական հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրա Սարգսյանը: 25 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց լճափցի Արման Կնյազյանը, 30 կգ քաշային կարգում՝ հայրավանքցի Խաչիկ Թադեւոսյանը, 34 կգ քաշային կարգում՝ սեւանցի Արսեն Անդրիկյանը, 38 կգ քաշային կարգում՝ լճափցի Խորեն Հարությունյանը, 42 կգ քաշային կարգում՝ սեւանցի Հովհաննես Հովհաննիսյանը, 46 կգ քաշային կարգում՝ մարտունեցի Վոլոդյա Շահինյանը, 49 կգ քաշային կարգում՝ սեւանցի Դավիթ Գրիգորյանը, 55 կգ քաշային կարգում՝ սեւանցի Գարիկ Ղազարյանը, 59 կգ քաշային կարգում՝ սեւանցի Ալինա Սուքիասյանը, 61 կգ քաշային կարգում՝ սեւանցի Տիգրան Հունանյանը, 67 կգ քաշային կարգում՝ մարտունեցի Ալեքս Հակոբյանը, 73 կգ քաշային կարգում՝ սեւանցի Լեւոն Օհանյանը, +73 կգ քաշային կարգում՝ սեւանցի Սերգեյ Շահինյանը: Սեւանի մարզադպրոցի սան Ալինա Սուքիասյանը առաջնության մասնակից միակ աղջիկ ծանրորդն Էր: Ըստ Սինքլերի աղյուսակի՝ 277,7 միավորով առաջնության բացարձակ հաղթող ճանաչվեց 67 կգ քաշային կարգում հանդես եկող Ալեքս Հակոբյանը՝ երկամարտի 200 կգ արդյունքով: Առաջնության բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով եւ հուշամեդալներով, իսկ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնություն արծաթե մեդալակիր Արամ Անդրիկյանի կողմից սահմանված մրցանակները բաժին հասան Ալինա Սուքիասյանին եւ Ալեքս Հակոբյանին: Մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա ձեւավորվեց մարզի հավաքական թիմը, որը կմասնակցի հանրապետական առաջնություններին:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am