1000х90.jpg (78 KB)

ՏՄՊՊՀ-ը լուծել է ՌԴ-ում հայկական ավիափոխադրողների հանդեպ կիրառվող խտրական մոտեցման հարցը

Armenpress 10:48, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ըստ բողոքի,  չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ  են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրեւ արտասահմանյան ու սպասարկման և այլ ծառայությունների  համար նրանց հանդեպ կիրառում  են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի հայկական ավիաընկերությունը իր գնային քաղաքականությամբ մրցակցի ռուսականների հետ: «Տարոն Ավիան»  Հանձնաժողովին տեղեկացրել է, որ  խնդրահարույց է նաև աերոնավիգացիոն ծառայություններ տրամադրող ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) կողմից իրենց հանդեպ կիրառվող գնային քաղաքականությունը: Այստեղ ևս գործում են տարբերակված մոտեցումներ, մասնավորապես, Ռուսաստանի տարածքում ոչ տեղական ընկերություններից աէրոնավիգացիոն ծառայության դիմաց գանձվում է 95,2 դոլար՝ յուրաքանչյուր  100 կմ-ի համար, մինչդեռ տեղական, այսինքն ռուսական ավիաընկերությունները նույն ծառայության համար վճարում եմ մոտ 3 անգամ ավելի էժան՝ 35 դոլար՝ 100 կմ-ի համար:

Ըստ Հանձնաժողովի, ԵԱՏՄ տարածքում, անդամ երկրների ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵԱՏՄ–ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին: Նման մոտեցման արդյունքում ռուսական ավիաընկերությունները կարողանում են մրցակցային լուրջ առավելություն ստանալ հայկական ավիաընկերությունների հանդեպ: Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ կոնկրետ բողոք ներկայացրած տնտեսվարողի՝ «Տարոն Ավիայի» պարագայում թիրախային համարվող ՌԴ տարբեր քաղաքներ ուղղությունները ընկերության համար դառնում են ոչ մրցունակ: Վերջինս կատարում է հավելյալ ծախսեր, ինչը էականորեն ազդում է ավիատոմսի գնագոյացման վրա: Հանձնաժողովը խնդիրը տևական ժամանակ քննարկել է ԵԱՏՄ գործընկերների հետ՝ նրանց ևս ներգրավվելով գործում՝ խնդրի արագ և ամբողջական կարգավորմանը հասնելու նպատակով: Կատարված աշխատանքների արդյունքում օրերս սահմանվել է  ժամանակացույց՝ առաջիկա 2 տարվա ընթացքում վերհանել ՌԴ բոլոր օդանավակայաններում առկա տարբերակված սակագները և վերանայել դրանք: Այսինքն, ընդունվել է բոլոր անդամ երկրների տարածքում սակագների համահարթեցման միասնական որոշում: Նշենք նաև, որ արդեն իսկ գործնական քայլեր են իրականացվում և ՌԴ տարածքում գործող երկու օդանավակայաններ վերանայել են իրենց սակագնային քաղաքականությունը և հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումներ առկա չեն:

ՏՄՊՊՀ-ն հավելում է, որ մեր երկրում թե հայկական և թե արտասահմանյան ընկերությունների համար սպասարկման և աերոնավիգացիոն ծառայությունների գների նման տարբերակում առկա չէ, ինչը նշանակում է, որ այդ առումով բոլոր երկրների ավիափոխադրողները ունեն հավասար մրցակցելու հնարավորություն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am