Առողջապահության նախարարն այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ

Armenpress 19:57, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 18-ին այցելել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական կենտրոններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Առաջին կանգառը «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի Սևանի մասնաճյուղում էր, որտեղ նախարարը մասնակցել է համակարգչային շերտագրության ծառայության բացման արարողությանը:

«Կարևոր է, որ մարզային բժշկությունը նույնպես բարձրանա այն մակարդակի, որն անրհաժեշտ է մեր բնակչությանը»,- նշել է Արսեն Թորոսյանը և հավելել, որ բոլոր նոր կառուցվող մարզային հիվանդանոցները պետք է ունենան համապատասխան հագեցվածություն:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ վերաբացվել է հիմնանորոգված պոլիկլինիկան: Շրջելով տարածքում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է բժշկական հաստատության պատրաստվածությանը: Ողջունելով անձնակազմին` նախարարն ընդգծել է, որ նման պայմանները, հագեցվածությունը և վերապատրաստված բժշկական կադրերը երաշխիք են` որակյալ բուժօգնություն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am